ՀՀ մուտք գործելիս սահմանին գործում են Covid-անվտանգության նորմեր. ԱԱՏՄ

Դեպի ՀՀ ուղեւորահոսքի ավելացման համատեքստում՝ «Զվարթնոց» օդանավակայանում լրացուցիչ հերթերից եւ կուտակումներից խուսափելու համար ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինը կրկին հիշեցնում է Covid-անվտանգության ընթացակարգերը ՀՀ մուտք գործող անձանց համար։ Ուժի մեջ է ՀՀ կառավարության N 1756-Ն որոշումը, ըստ որի, եթե ՀՀ մուտք գործող անձն ունի առավելագույնը 72 ժամ վաղեմության բացասական Covid-թեստ ու այն հիմնավորող փաստաթղթեր, ապա ազատվում է ինքնամեկուսացման պարտավորությունից: Եթե առկա չեն վերը նշված վաղեմության Covid-բացասական թեստ եւ դա հիմնավորող փաստաթղթեր, ապա անձը պարտադիր պետք է թեստ հանձնի օդանավակայանում կամ ցամաքային սահմանի անցման կետում տեղակայված նմուշառման կետերում և ինքնամեկուսանա՝ մինչև ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքի ստացումը։

«Չվերթերն աստիճանաբար վերականգնվում են նաեւ «Շիրակ» օդանավակայանում, ուստի այս առումով եւս տեղեկացնում ենք, որ այնտեղ գործում են Covid-նմուշառման կետեր։ Covid-թեստի պատասխանի առկայությունը ՀՀ մուտք գործող անձի մոտ ստուգում են ՀՀ ԱԱՏՄ սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետերը։ Միաժամանակ նաև ծանուցվում է ինքնամեկուսացման կանոնների և դրանց խախտման հետևանքների մասին, և այդ մասին տրվում է համապատասխան ձևի ծանուցագիր՝ ստորագրման, որից հետո միայն ոստիկանության աշխատակիցը թույլատրում է ժամանած անձի ելքը օդանավակայանից»,- ասված է հաղորդագրությունում։

Նշվում է, որ երկիր մուտք գործող բոլոր քաղաքացիների հանդեպ ԱԱՏՄ կողմից սահմանային անցման կետում անհապաղ կատարվում է զննություն (այդ թվում` հեռահար ջերմաչափում, արտաքին զննություն, վարակին բնորոշ կլինիկական ախտանիշերի դեպքում լրացուցիչ հարցումներ)։ Զննության արդյունքներով անձը հոսպիտալացվում է, եթե առկա են համապատասխան ախտանշաններ:

Related posts

Հաճախակի են դառնում դեպքերը, երբ օձերին վնասում են՝ լրջորեն վտանգելով և՛ իրենց, և՛ կենդանիների կյանքը․ ՇՄՆ զգուշացումը

Հրդեհ Առնո Բաբաջանյան փողոցի նորակառույց չբնակեցված շենքերից մեկում

Արման Խաչատրյանը համատեղության կարգով նշանակվել է Մոնակոյում ՀՀ դեսպան