Հայաստանի և Իրանի նախագահներն ընդգծել են կայուն և տևական խաղաղության հաստատման կարևորությունը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպում է ունեցել պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ։

Նախագահ Խաչատուրյանը ողջունել է իր պաշտոնակցին՝ ընդգծելով երկկողմ բարեկամական կապերի կարևորությունը, և վստահություն հայտնել, որ Իրանի նախագահի այցը կնպաստի Հայաստանի և Իրանի հարաբերությունների հետագա խորացմանը, ինչպես նաև տարածաշրջանում խաղաղության ու կայունության ամրապնդմանը։

Նախագահ Փեզեշքիանն իր հերթին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության և գործընկերության համար։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են քաղաքական, տնտեսական, մշակութային և բազմաթիվ այլ ոլորտներում առկա փոխգործակցային ներուժի իրացման հնարավոր ուղիները։ Դրական են գնահատվել պաշտոնական այցի ընթացքում ձեռք բերված երկկողմ պայմանավորվածությունները և ստորագրված փաստաթղթերը՝ ընդգծելով, որ համատեղ ջանքերի շնորհիվ դրանք լիովին կիրականանան։

Նախագահ Խաչատուրյանը նաև նշել է, որ հայ-իրանական սերտ գործընկերության լավագույն օրինակներից մեկը Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Սյունիքի հատվածում իրանական ճանապարհաշինական ընկերությունների տպավորիչ աշխատանքն է, որը վառ արտահայտում է երկկողմ համագործակցության արդյունավետությունը և վստահության բարձր մակարդակը։

Զրույցի ընթացքում անդրադարձ է եղել նաև տարածաշրջանային և աշխարհաքաղաքական ընդհանուր իրավիճակին։ Այս համատեքստում զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանի կողմից առաջ քաշված «Խաղաղության խաչմերուկ» ծրագրին:

Կողմերն ընդգծել են, որ կայուն և տևական խաղաղության հաստատումը, առևտրային ուղիների ստեղծումը՝ հիմնված պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և անկախության սկզբունքների վրա, շահավետ կլինի ամբողջ տարածաշրջանի համար։

Related posts

Բարձր ենք գնահատում ՄԹ շարունակական աջակցությունը Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին. Նիկոլ Փաշինյան

Աշխարհի առաջատար համալսարանների հարգելի՛ շրջանավարտներ, բոլորիդ հրավիրում եմ ընդգրկվելու ՀՀ կառավարության կադրային բանկում․ Նիկոլ Փաշինյան

ԱԺ ընտրությունների քվեարկության վերջնական արդյունքները կհրապարակվեն հունիսի 14-ին․ ԿԸՀ