Ռուսաստանն ու Չինաստանը Մարսի հետազոտման համատեղ առաքելության շրջանակում սկսում են սարքավորումների արտադրություն։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ռուսական լրատվամիջոցները հայտնում են, որ այս մասին հայտարարել է «Ռոսկոսմոս»-ի ղեկավար Դմիտրի Բականովը։
«Սկսում ենք Մարսի հետազոտման համատեղ առաքելություն՝ այդ մոլորակի ուսումնասիրության համար ստեղծելով սարքավորումներ և տեխնիկա»,- ասել է նա Ռուսաստանի և Չինաստանի կառավարությունների ղեկավարների հանդիպման ժամանակ։
Իսկ «Вести» լրատվական ծառայությանը Բականովը ներկայացրել է Ռուսաստանի և Չինաստանի տիեզերական համագործակցության ևս երկու ուղղություն։ Նա ընդգծել է, որ փոխգործակցությունը ծավալվելու է ոչ միայն դեպի Մարս առաքելությունների կազմակերպման տեսքով։ Դրա հավանական ուղղություններից են Լուսնի ուսումնասիրման աշխատանքները, ինչպես նաև ռուսական ГЛОНАСС և չինական BeiDou նավիգացիոն համակարգերի հնարավորությունների միավորումը՝ տեղորոշման ազդանշանի ճշգրտությունը մեծացնելու նպատակով։