Խաղաղության համաձայնագիրը նոր հնարավորություններ է բացում միջազգային ներդրումների համար և բարձրացնում Հայաստանի վստահելիության մակարդակը. Fitch

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործընթացի արդյունքների վերաբերյալ Fitch վարկանիշային գործակալության միջանկյալ զեկույցին:
«Fitch վարկանիշային գործակալությունը՝ միջազգային ամենահայտնի վարկանիշային գործակալություններից մեկը, քիչ առաջ հրապարակել է միջանկյալ մի զեկույց, որի մեջ արձանագրված է՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև կոնֆլիկտի վերսկսման ռիսկերը նվազել են, իսկ խաղաղության համաձայնագիրը միտված է միջնաժամկետ հատվածում նպաստելու Հայաստանի վարկունակության բարձրացմանը, Թուրքիայի տարածքով այլընտրանքային ուղիների հաշվին առևտրի աշխուժացմանը և ոչ միայն Հայաստանի, այլև ամբողջ տարածաշրջանի տնտեսական աճի զարգացմանը:
Fitch-ը փաստացի վերահաստատել է աշխարհաքաղաքական ռիսկերի նվազման շնորհիվ միջնաժամկետում Հայաստանի տնտեսական աճի խթանման, ինչպես նաև արժութային տատանումների ու հարկաբյուջետային ռիսկերի նվազեցման մեր կանխատեսումները: Այս դրական զարգացումները բացում են նոր հնարավորություններ միջազգային ներդրումների ներգրավման համար և բարձրացնում Հայաստանի վստահելիության մակարդակը:
Սպասում ենք մյուս գործակալությունների արձագանքներին»,- գրել է նախարարը։

Related posts

Իտալիայի իշխանությունները մտադիր են ևս 500 զինվոր ուղարկել Միլան անկարգությունների պատճառով

Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների կալանքի միջնորդության քննությունը հետաձգվել է

Հոկտեմբերի 31-ից կգործարկվի կենսաչափական փաստաթղթերի ստացման նախագրանցման նոր համակարգը