Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետերը քննարկել են երկաթուղու կառուցման հետ կապված հարցեր

2022 թվականի դեկտեմբերի 6-ին Մոսկվայում կայացել է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի, Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի և Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի համանախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի 11-րդ նիստը: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից:

Կողմերն ընդգծել են Ռուսաստանի Դաշնության դրական դերը Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև հարաբերությունների կարգավորման, ինչպես նաև նրանց միջև տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման ուղղությամբ ջանքերի գործադրման հարցում:

Նիստի ընթացքում քննարկվել են հարցեր` կապված Հայաստանի Հանրապետության, Ադրբեջանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև ու տարածաշրջանում երկաթուղու կառուցման, երկաթուղային հաղորդակցության զարգացման և փոխադրումների կազմակերպման հետ։

Կողմերը կշարունակեն աշխատել Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետության ղեկավարների՝ տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման վերաբերյալ եռակողմ հայտարարությունների իրականացման ուղղությամբ։

Հայկական և ադրբեջանական կողմերն իրենց երախտագիտությունն են հայտնել ռուսական կողմին բարձր մակարդակով հանդիպման կազմակերպման և հյուրընկալության համար։

Related posts

Սերգեյ Կարմրյանը Բաքվում կայացած ազատ ոճի ըմբշամարտի ԱԱ-ում նվաճեց արծաթե մեդալ

ԱՄՆ-ը 50 երկրի քաղաքացիներից վիզա ստանալու համար մինչև 20 հազար դոլարի գրավ կպահանջի

Վստահ եմ, որ Ձեր պաշտոնավարումը կկառուցվի այն արժեքների և սկզբունքների վրա, որոնք ընկած են պետական ծառայության հիմքում. Խաչատուրյանը՝ Փաշինյանին