Դավիթ Առուշանյանը իր էջում գրել է.
Սիրելի՛ գյումրեցիներ,
Սրտանց շնորհավորում եմ բոլորիս՝ Գյումրու օրվա առթիվ։
Գյումրեցի լինելը մտածելակերպ է, արժանապատվություն, խոսքի ու գործի հանդեպ պատասխանատվություն, դժվարությունների առաջ չընկրկելու և անգամ ամենածանր պահերին կյանքի հանդեպ սերը չկորցնելու կարողություն։
Մեր քաղաքի պատմությունը դրա լավագույն վկայությունն է։ Գյումրին բազմաթիվ փորձությունների միջով է անցել, բայց երբեք չի կորցրել իր ինքնատիպ դիմագիծը, ստեղծագործ ոգին, հյուրընկալությունը։ Հենց այս ամենի շնորհիվ է Գյումրին դարձել այն անկրկնելի տուն քաղաքը, որն իր առանձնահատուկ տեղն ունի յուրաքանչյուր գյումրեցու սրտում։
Ինձ համար Գյումրին պարզապես ծննդավայր չէ, այլ հարազատ տուն՝ իր մարդկանցով, հիշողություններով ու պատմություններով, մի տուն, որտեղ յուրաքանչյուր անկյուն թանկ է, իսկ ամեն մի քար՝ մեր անցած ճանապարհի լուռ վկան։
Համաձայնե՛ք՝ մեզ համար Գյումրին շատ ավելին է, քան պարզապես քաղաք։ Այն մեր բնավորությունն է, մեր հիշողությունը, մեր ինքնության մի մասնիկը և այն հարազատ անկյունը, որի հետ կապը չի թուլանում ո՛չ ժամանակի, ո՛չ հեռավորության հետ։ Գյումրին իր մարդկանցով է Գյումրի՝ իրենց յուրահատուկ խառնվածքով, ամուր կամքով, երբեմն կոշտ թվացող բնավորությամբ, բայց հոգու խորքում՝ անսահման նուրբ ու զգայուն։
Գյումրեցին իր քաղաքը սիրում է յուրովի՝ անկեղծ ու անմիջական, երբեմն՝ իրեն այնքան բնորոշ հումորով, բայց միշտ՝ ամբողջ սրտով։ Եվ ինձ համար Գյումրու ամենամեծ հարստությունը հենց նրա մարդիկ են, ովքեր իրենց ամենօրյա աշխատանքով պահում են քաղաքի կենդանի շունչը, արարում, ստեղծագործում, կրթում սերունդներ և հավատում, որ մեր քաղաքն արժանի է ավելի բարեկեցիկ ու լուսավոր ապագայի։ Նրանց հոգսերն ինձ համար հարազատ են, հաջողությունները՝ ուրախության ու հպարտության առիթ, իսկ մեր քաղաքի ապագայի հանդեպ պատասխանատվությունը՝ մեծ ու պարտավորեցնող։
Վստահ եմ՝ Գյումրու հանդեպ սերը պետք է արտահայտվի ոչ միայն ջերմ խոսքերով, այլև ամենօրյա աշխատանքով, հոգատարությամբ ու կոնկրետ գործերով։ Մեր հարազատ տուն քաղաքը շենացնելը, նրա խնդիրները միասին լուծելն ու նոր հնարավորություններ ստեղծելը բոլորիս ընդհանուր պատասխանատվությունն ու առաքելությունն են։
Շնորհավո՛ր տոնդ, սիրելի՛ Գյումրի։
Թող քո օջախներում միշտ վառ մնա հույսի լույսը, քո փողոցներում տիրի կյանքի աշխուժությունը, իսկ մարդկանց սրտերում երբեք չմարի սերն ու բարությունը հարազատ քաղաքի հանդեպ։
Ես հպա՛րտ եմ, որ գյումրեցի եմ։
#ՏՈՒՆՔԱՂԱՔԳՅՈՒՄՐԻ