Կոնվենցիայի վավերացումը կնպաստի ՀՀ աշխատանքային քաղաքականության բարելավմանը. Ռուբեն Սարգսյան

Խորհրդարանը քննարկում է Կառավարության ներկայացրած՝ «Բռնության և ոտնձգության մասին կոնվենցիա, 2019 թ. (թիվ 190)» վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Հիմնական զեկուցող, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալի պաշտոնակատար Ռուբեն Սարգսյանը հայտնեց՝ կոնվենցիան ընդունվել է 2019 թվականին և ուժի մեջ մտել 2021-ին: Այն վավերացրել է արդեն 50 երկիր:

Նրա խոսքով՝ Աշխատանքի միջազգային կազմակերպության կոնվենցիան պաշտպանում է աշխատողներին և այլ անձանց՝ անկախ իրենց պայմանագրային կարգավիճակից, ինչպես նաև վերապատրաստվող անձանց, ներառյալ՝ պրակտիկանտները և աշակերտները, այն աշխատողներին, որոնց աշխատանքը դադարեցվել է, կամավորներին, աշխատանք փնտրողներին և աշխատանքի դիմողներին:

Այն վերաբերում է նաև գործատուի լիազորություններ, պարտականություններ կամ պատասխանատվություն իրականացնող անձանց:

Կոնվենցիան սահմանում է աշխատանքում «բռնություն և ոտնձգություն» եզրույթը, ինչպես նաև անդամ պետության գործողությունները աշխատանքում բռնությունն ու ոտնձգությունը կանխելու և բացառելու ուղղությամբ:

Կոնվենցիան կիրառվում է և՛ մասնավոր, և՛ պետական հատվածներում, ինչպես ֆորմալ, այնպես էլ ոչ ֆորմալ տնտեսությունում:

Այն կիրառվում է աշխատանքում բռնության և ոտնձգության նկատմամբ, որոնք տեղի են ունենում աշխատանքի ընթացքում, կապված են աշխատանքի հետ կամ բխում են դրանից:

Կոնվենցիայի վավերացումը կամրապնդի Հայաստանի հանձնառությունը՝ ապահովելու անվտանգ և առողջ աշխատատեղեր բոլոր աշխատողների համար: Կոնվենցիան անդրադառնում է աշխատանքային հարաբերություններում բռնությանը և ոտնձգություններին, ինչը կարևոր է աշխատողների անվտանգության և բարեկեցության բարելավման համար:

Կոնվենցիայի վավերացումով Հայաստանը մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից կհամարվի արդար աշխատանքային պրակտիկայի խթանման հանձնառու երկիր, ինչը կնպաստի միջազգային հանրության հետ գործընկերային հարաբերությունների կառուցմանը և ամրապնդմանը:

Դրա վավերացումը ցույց կտա Հայաստանի հանձնառությունը բոլոր աշխատողների, հատկապես խոցելի խմբերի իրավունքների պաշտպանությանը, որոնք կարող են բախվել աշխատավայրում բռնության և ոտնձգությունների ավելի մեծ ռիսկերի:

Օրենսդրության և քաղաքականության ամրապնդման տեսանկյունից Կոնվենցիայի վավերացումը կնպաստի ՀՀ աշխատանքային քաղաքականության բարելավմանը՝ դառնալով ավելի ամուր՝ բռնության և ոտնձգությունների դեմ պայքարում:
Ռուբեն Սարգսյանը տեղեկացրեց՝ նախագիծը քննարկվել է գլխադասային հանձնաժողովում և ստացել է դրական եզրակացություն:

Related posts

Վարչապետը ԱԺ-ում ներկայացնում է 2025 թ. բյուջեի կատարողականը | ՈՒՂԻՂ

ԿԸՀ-ն ամփոփել է բոլոր 2005 տեղամասերի նախնական արդյունքները

ԿԸՀ-ն ամփոփել է 1924 ընտրատեղամասի նախնական արդյունքները