«Կոլցո» գործողությունը դարձավ Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության հերթական դրսևորումը. ԱՀ ԱԳՆ

Արցախի Հանրապետության ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել «Կոլցո» գործողության 30-րդ տարելիցի կապակցությամբ, որը ներկայացնում ենք ստորև.

«30 տարի առաջ՝ 1991 թ. ապրիլի 30-ին, Ադրբեջանի իշխանությունները նախաձեռնեցին «Կոլցո» (Օղակ) գործողությունը, որը, իրավամբ, կարելի է համարել իրենց պատմական հողերից ժողովուրդների տեղահանման ամենաարյունահեղ և անմարդկային գործողություններից մեկը։

Գործողության ընթացքում, որի ժամանակ առաջին անգամ քաղաքացիական բնակչության դեմ կիրառվեցին տանկեր, ռազմական ուղղաթիռներ և հրետանի, դատարկվեցին և ավերվեցին Հյուսիսային Արցախի, ինչպես նաև Շահումյանի, Հադրութի և Շուշիի շրջանների հարյուրավոր հայկական գյուղեր, տասնյակ հազարավոր մարդիկ տեղահանվեցին, հարյուրավորները սպանվեցին և գերեվարվեցին։ Նրանցից շատերի ճակատագիրն առ այսօր անհայտ է։

«Կոլցո» գործողությունը դարձավ Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության հերթական դրսևորումը և 1988-1991 թթ. Սումգայիթում, Բաքվում, Կիրովաբադում և Ադրբեջանի այլ հայաբնակ քաղաքներում ու շրջաններում, ինչպես նաև ԼՂԻՄ և Հյուսիսային Արցախի բնակավայրերում իրականացված հայկական ջարդերի ու էթնիկ զտումների շղթայի շարունակությունը։

Այն ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը տեղափոխեց ռազմական հարթություն և հետագայում հանգեցրեց Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի լայնածավալ ագրեսիային, որը շարունակվում է առ այսօր։

«Կոլցո» գործողության, 2016 թ. Ապրիլյան պատերազմի և Թուրքիայի ու տարբեր ահաբեկչական խմբավորումներից վարձկանների աջակցությամբ Ադրբեջանի կողմից 2020 թ. Արցախի դեմ սանձազերծված 44-օրյա պատերազմի ընթացքում Ադրբեջանի զինված ուժերի կողմից իրականացված ռազմական հանցագործությունները և միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի կոպտագույն խախտումները վկայում են, որ մարդկայնության դեմ ուղղված հանցագործություններն անտարբերության մատնելն ու անպատիժ թողնելը հանգեցնում են դրանց կրկնության»։

Related posts

Մեր Սահմանադրության մեջ որևէ տարածքային հավակնություն չկա․ վարչապետի պատասխանն՝ ադրբեջանցի լրագրողին

Ընդգծվել է խաղաղության համաձայնագրի ստորագրման կարևորությունը. Տիրանայում հանդիպել են Փաշինյանն ու Էդի Ռամայը

Վայր եմ դնելու մանդատս ու այլևս չեմ զբաղեցնելու համայնքի ղեկավարի պաշտոնը. Դիանա Գասպարյան