Կառավարությունը շարունակելու է հետևողական քայլերը բիզնես միջավայրի բարելավման ուղղությամբ. վարչապետն ընդունել է Shell ընկերության պատվիրակությանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է բրիտանա-նիդերլանդական Shell ընկերության ԱՊՀ և Մերձավոր Արևելքի երկրների գծով փոխտնօրեն Ջոանա Քուենսբերգի գլխավորած պատվիրակությանը:

Վարչապետը ողջունել է հեղինակավոր ընկերության մուտքը հայկական շուկա, որի առաջին բենզալցակայանը հունիսի 29-ին բացվել է Երևանում: Նիկոլ Փաշինյանը վստահություն է հայտնել, որ ընկերությունն իր գործունեությամբ նոր որակ և բիզնես մշակույթ կներդնի հայկական շուկայում: Վարչապետն ընկերությանը մաղթել է հաջողություններ և ընդգծել, որ Կառավարությունը շարունակելու է հետևողական քայլերը բիզնես միջավայրի բարելավման ուղղությամբ:

Ջոանա Քուենսբերգը շնորհակալություն է հայտնել Կառավարությանը՝ ՀՀ-ում Shell ընկերության ներգրավմանն աջակցելու համար և մանրամասներ փոխանցել հետագա ծրագրերի վերաբերյալ: Տեղեկացվել է, որ առաջիկա 5 տարիների ընթացքում ընկերությունը նախատեսում է Երևանում և բոլոր մարզերում գործարկել 25 բենզալցակայան, որտեղ կմատուցվեն նաև տարբեր այլ ծառայություններ:

Related posts

Ընտանեկան բռնության դեմ պայքարի օրենսդրական նոր փուլը սկսված է. Աննա Հակոբյան

Դուրս ենք գալիս գոյաբանական սպառնալիքների օրակարգից դեպի զարգացման օրակարգ. Կոնջորյանը՝ Կառավարության ծրագրի մասին

Ռոբերտ Քոչարյանին Հակակոռուպցիոն կոմիտեից շտապօգնության մեքենայով տեղափոխել են հիվանդանոց