Կառավարությունը առաջարկել է պարտադիր զինվորական ծառայություն անցնելու առավելագույն սահմանային տարիքը նախատեսել 32 տարեկանը

Կառավարությունը հաստատեց «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» 2024 թվականի հունվարի 16-ի ՀՕ-23-Ն օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկության մասին որոշումը:

«Օրենքի նախագծերի համաձայն առաջարկվում է սահմանել 24 ամսից պակաս ժամկետով պարտադիր զինվորական ծառայություն անցնելու հնարավորություն. 1 ամիս ժամկետով ծառայություն անցնելու դեպքում՝ 20 մլն դրամ, և 6 ամսով ծառայություն անցնելու դեպքում՝ 15 մլն դրամ պետբյուջե վճարելու պայմանով:

Պարտադիր զինվորական ծառայություն անցնելու սահմանային առավելագույն տարիքը 27-ի փոխարեն սահմանել 37 տարեկանը: Մինչև 18 տարին լրանալը կամ զորակոչային տարիքում քաղաքացիություն ստացած և մինչև ՀՀ քաղաքացիություն ստանալն այլ պետություններում զինվորական ծառայություն չանցած կամ մեկ տարուց պակաս ժամկետով ծառայություն անցած քաղաքացիների համար ՀՀ ԶՈՒ-ում օրենքում սահմանված 24-ամսյա ծառայության ժամկետը փոխարինել 12 ամսվա ժամկետով ծառայության: Ինչպես նաև այդ ժամկետով ծառայության չզորակոչվելու դիմաց նախատեսել 2.5 մլն դրամ պետական բյուջե վճարելու պարտականություն:

Մինչև 16 տարին լրանալը ՀՀ քաղաքացիությունից դուրս գալու համար արական սեռի քաղաքացիների համար դիմում ներկայացնելու պետական տուրքի գումարը սահմանել 15 մլն դրամ»,- ասաց պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:

Նա նշեց, որ օրենքների նախագծերի քննարկման արդյունքներով փաստվել է, որ նախագծերը կարիք ունեն պատշաճ նորմատիվ կարգավորումների և օրենսդրական տեխնիկայի կանոնների ապահովման նպատակով լրամշակման, միաժամանակ առկա են մի շարք սկզբունքային առաջարկություններ:

«Հավելեմ, որ նախաձեռնությունը ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանինն է, և այն քննարկում է անցել միջգերատեսչական հարթակում, անցել է նախարարական կոմիտեով, և, ըստ այդմ, ձևակերպվել են հետևյալ առաջարկությունները. կրճատ ժամկետով ծառայությունը սահմանել 1 ամսվա դեպքում՝ 24 մլն դրամ և 4 ամսվա դեպքում՝ 18 մլն դրամ: Յուրաքանչյուր զորակոչի հայտարարման մասին կառավարության որոշման մեջ սահմանել տվյալ զորակոչին համապատասխան կրճատ ժամկետով ծառայություն անցնելու դիմումների առավելագույն քանակը և դիմումների ներկայացման կարգը: Պարտադիր զինվորական ծառայություն անցնելու առավելագույն սահմանային տարիքը նախատեսել 32 տարեկանը, իսկ պետական տուրքի մասին օրենքում փոփոխության փոխարեն պաշտպանության մասին օրենքում նախատեսել մինչև 16 տարին լրանալն արական սեռի քաղաքացիների կողմից օրենքի ուժով ՀՀ նկատմամբ 15 մլն դրամ գումարի չափով հանրային իրավական դրամական պարտավորություն, որը դադարում է արական սեռի քաղաքացուն զինվորական հաշվառման վերցնելու փաստի ուժով կամ հօգուտ պետական բյուջեի վճարմամբ ՀՀ քաղաքացիությունից դուրս գալու դեպքում:

Այս առաջարկները քննարկվել են պատգամավորի հետ և պարոն Հայկ Սարգսյանը, ըստ էության, համաձայն է այս փոփոխություններին և առաջիկայում մեր հաստատումից հետո այն կքննարկվի նաև ԱԺ-ում. հաշվի առնելով, որ փաթեթը բավականին լայն է ու զգայուն, անդրադառնում է հանրային բոլոր շերտին, կարևոր է, որ այն պատշաճ քննարկում անցնի ԱԺ-ում»,- նշեց պաշտպանության նախարարը:

Related posts

2025թ. 1-ին եռամսյակում տրամադրվել է օտարերկրյա պետություններում վավերական ՀՀ քաղաքացու 448 անձնագիր

Կառավարությունը խրախուսում է ուսանողների առաջադիմությունը

Մեղուների աշխատանքն ու պետական ծրագրերը միմյանց լրացնում են