Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Սերոբ Սարգսյանի և ԱԺ պատգամավոր Մեսրոպ Մանուկյանի միջև Շինարարների փողոցում տեղի ունեցած աղմկահարույց վիճաբանությունը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ուշադրության կենտրոնում է հայտնվել։ Հանձնաժողովը հոկտեմբերի 28-ին որոշում է կայացրել Սերոբ Սարգսյանի նկատմամբ վարքագծի կանոնների առերևույթ խախտման հիմքով վարույթ հարուցելու մասին։
Վարույթի հարուցման համար հիմք է հանդիսացել 24news.am լրատվական կայքի՝ 2026 թվականի հոկտեմբերի 13-ի հրապարակումը, որում ներկայացված էր Մեսրոպ Մանուկյանի և Սերոբ Սարգսյանի միջև տեղի ունեցած վիճաբանությունը՝ Շինարարների փողոցում ինքնակամ շինությունների ապամոնտաժման աշխատանքների շուրջ։
Միջադեպը տեղի էր ունեցել այն բանից հետո, երբ Աջափնյակ վարչական շրջանի Շինարարների փողոցում մեկնարկել էին ապօրինի շինությունների ապամոնտաժման աշխատանքները։ Տարածքի սեփականատեր հանդիսացող քաղաքացիները դժգոհություն էին հայտնել քաղաքապետարանի նախաձեռնության առնչությամբ՝ պնդելով, որ իրենց իրավունքները պատշաճ կերպով հաշվի չեն առնվում։
Հոկտեմբերի 12-ին և 13-ին տեղի ունեցած բողոքի ակցիաների ընթացքում լարված խոսակցություն էր ծավալվել ԱԺ պատգամավոր Մեսրոպ Մանուկյանի և վարչական շրջանի ղեկավար Սերոբ Սարգսյանի միջև։
Ինչի՞ շուրջ էր ծավալվել վիճաբանությունը
Հանձնաժողովի ուսումնասիրած տեսանյութերի համաձայն՝ վիճաբանության սկզբում Սերոբ Սարգսյանը քաղաքացիներից մեկին ներկայացնում էր, թե դատարանի որոշմամբ սահմանված արգելանքի տակ գտնվող հատվածին չեն միջամտելու, իսկ դրանից դուրս գտնվող ինքնակամ շինությունը ենթակա է ապամոնտաժման։
Քաղաքացին, սակայն, պնդում էր, որ ապամոնտաժման ենթակա հատվածն ընդգրկված է դատարանի որոշմամբ սահմանված տարածքում։ Խոսակցությանը միջամտել էր նաև պատգամավոր Մեսրոպ Մանուկյանը՝ պահանջելով ոստիկանների միջամտությունը։
Այդ ընթացքում Սերոբ Սարգսյանը պատգամավորին հարցրել էր՝ արդյոք նա եկել է իր աներոջ բենզալցակայանը պաշտպանելու համար՝ հիշատակելով Սասուն Առաքելյանին։ Դրան հաջորդել էր փոխադարձ վիրավորանքներով ուղեկցվող վիճաբանություն։
Տեսանյութում Սերոբ Սարգսյանից լսվում են հետևյալ արտահայտությունները՝ «Այ բենզալցակայանի պաշտպան, աներոջդ պաշտպան», «տո համբալ լակոտ», «դու գիտե՞ս՝ ով ես եղել, արա, այ լակոտ»։
Ի պատասխան՝ Մեսրոպ Մանուկյանը նույնպես օգտագործել էր վիրավորական արտահայտություններ՝ այդ թվում՝ «կթքեմ վրեդ», «այ համբալ» և «լակոտը դու ես»։
Հանձնաժողովն ուսումնասիրել է նաև միջադեպի վերաբերյալ «Radio Aurora Armenia»-ի հրապարակած տեսանյութը, որտեղ վիճաբանությունից հետո Մանուկյանը ներկայացնում է իր դիրքորոշումը՝ պնդելով, որ միջամտել է քաղաքացիների սեփականության իրավունքների պաշտպանության հարցով, և հերքում է աներոջ բենզալցակայանը պաշտպանելու վերաբերյալ թաղապետի ակնարկները։
Հանձնաժողովը տարբերակել է պատգամավորի և թաղապետի խոսքի ազատության սահմանները
Որոշման մեջ Հանձնաժողովը հատուկ անդրադարձել է արտահայտվելու ազատության իրավունքին և դրա սահմաններին՝ վկայակոչելով ՀՀ Սահմանադրության 42-րդ հոդվածը, Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածը և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքը։
Հանձնաժողովի գնահատմամբ՝ քաղաքական և հասարակական նշանակություն ունեցող հարցերի շուրջ բանավեճի շրջանակներում արտահայտվելու ազատության սահմանները բավականին լայն են։ Սակայն այդ ազատությունը բացարձակ չէ և չի կարող անսահմանափակ կերպով արդարացնել այլ անձանց պատիվն ու արժանապատվությունը վիրավորող արտահայտությունները։
Միևնույն ժամանակ, որոշման մեջ ընդգծվում է, որ քաղաքական պաշտոն զբաղեցնող անձանց և վարչական պաշտոն զբաղեցնող անձանց արտահայտվելու ազատության սահմանները նույնը չեն։
Մեսրոպ Մանուկյանը զբաղեցնում է պետական քաղաքական պաշտոն՝ լինելով Ազգային ժողովի պատգամավոր, իսկ Սերոբ Սարգսյանը՝ համայնքային վարչական պաշտոն։
Հանձնաժողովը հղում է կատարել նաև իր՝ 2025 թվականի սեպտեմբերի 23-ի N 11/2025/Վ/Վ եզրակացությանը, որով արձանագրվել էր, որ վարչական պաշտոն զբաղեցնող անձինք միայն իրենց պաշտոնի ուժով չեն համարվում քաղաքական գործիչներ և չեն օգտվում քաղաքական գործիչներին բնորոշ՝ արտահայտվելու ազատության առավել լայն սահմաններից։
Հետևաբար, Հանձնաժողովի գնահատմամբ, Սերոբ Սարգսյանի խոսքային վարքագիծը պետք է դիտարկվի վարչական պաշտոն զբաղեցնող անձի նկատմամբ գործող ավելի խիստ վարքագծային պահանջների համատեքստում։
Հանձնաժողովը որոշման մեջ առանձին ուսումնասիրել է Սերոբ Սարգսյանի օգտագործած բառերի նշանակությունը՝ հղում կատարելով հայերենի բացատրական բառարաններին։ Մասնավորապես, «համբալ» բառի վերաբերյալ նշվել է, որ այն, բացի իր սկզբնական նշանակությունից, ժամանակակից բառարաններում ունի նաև փոխաբերական՝ բացասական և վիրավորական իմաստ։
«Լակոտ» բառի դեպքում Հանձնաժողովը վկայակոչել է բառարանային բացատրությունները և դատարանների նախկին դիրքորոշումները։ Որպես օրինակ՝ նշվել է թիվ ԵԴ/25532/02/22 քաղաքացիական գործով կայացված դատական ակտը, որով այդ արտահայտությունը դիտարկվել է որպես մարդու անձնային արժեքները նսեմացնող և վիրավորական արտահայտություն։
Հանձնաժողովի գնահատմամբ՝ խնդիրը միայն առանձին բառերի վիրավորական բնույթը չէ։ Կարևոր է նաև այն, որ հանրային պաշտոն զբաղեցնող անձը պարտավոր է պաշտոնեական գործունեության ընթացքում պահպանել բարեկրթության, քաղաքավարության, նրբանկատության և զսպվածության պահանջները՝ անկախ դիմացինի պահվածքից։
Հանձնաժողովը որոշման մեջ վկայակոչել է «Հանրային ծառայության մասին» օրենքի 25-րդ հոդվածը, որի համաձայն՝ հանրային պաշտոն զբաղեցնող անձինք պետք է դրսևորեն պաշտոնին վայել վարքագիծ և բարեկիրթ վերաբերմունք ցուցաբերեն իրենց լիազորություններն իրականացնելիս իրենց հետ շփվող անձանց նկատմամբ։
Բացի այդ, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի 2024 թվականի փետրվարի 6-ի N 02-Ն որոշմամբ հաստատված վարքագծի կանոնագրքի՝
- 36-րդ կետը պարտավորեցնում է հանրային պաշտոն զբաղեցնող անձին ցանկացած իրավիճակում ցուցաբերել բարեկրթություն, քաղաքավարություն, նրբանկատություն և զսպվածություն։
- 37-րդ կետը պարտավորեցնում է հարգել այլ հանրային պաշտոն զբաղեցնող անձանց, հանրային ծառայողների, աշխատողների և այլոց պատիվն ու արժանապատվությունը։
- 44-րդ կետը սահմանում է պաշտոնեական հաղորդակցության ընթացքում գրական հայերենով հաղորդակցվելու ձգտելու և առօրյա-խոսակցական, ժարգոնային կամ ոչ նորմատիվային բառապաշարի կիրառումը բացառելու պահանջը։
Հանձնաժողովը նաև արձանագրել է, որ միջադեպը տեղի է ունեցել հանրային մեծ հետաքրքրություն ներկայացնող հարցի շուրջ։ Ինքնակամ շինությունների ապամոնտաժումը վերաբերում է քաղաքացիների սեփականության իրավունքներին, տնտեսական շահերին, հանրային տարածքների օգտագործմանը և տեղական իշխանության լիազորությունների իրականացման օրինականությանը։
Հենց այս հանգամանքն է հիմք հանդիսացել, որպեսզի Հանձնաժողովը հարցը դիտարկի հանրային մեծ հետաքրքրության համատեքստում և նախաձեռնի վարույթ։
Հատկանշական է, որ Հանձնաժողովը որոշմամբ չի գնահատել Մեսրոպ Մանուկյանի վարքագծի իրավաչափությունը՝ նշելով, որ պատգամավորների վարքագծի կանոնների խախտումների քննությունը տվյալ հարցով իր իրավասությունների շրջանակում չէ։
Միաժամանակ, Հանձնաժողովը նշել է, որ Սերոբ Սարգսյանի արտահայտությունները հիմնականում հնչել են ի պատասխան պատգամավորի խոսքերի։ Որոշման մեջ նույնիսկ արձանագրվել է, որ Մանուկյանի կողմից կիրառված որոշ արտահայտություններ անհամեմատ ավելի վիրավորական են եղել։ Սակայն դա, Հանձնաժողովի մոտեցմամբ, ինքնին չի վերացնում վարչական պաշտոն զբաղեցնող անձի՝ սեփական վարքագիծը զսպելու պարտականությունը։
Կարևոր է ընդգծել, որ հոկտեմբերի 28-ի որոշմամբ Սերոբ Սարգսյանի կողմից վարքագծի կանոնների խախտման փաստը դեռևս հաստատված չէ։ Հանձնաժողովը հարուցել է վարույթ՝ առերևույթ խախտման հատկանիշները պարզելու նպատակով։ Վերջնական գնահատականը պետք է տրվի վարույթի արդյունքներով։