Թրամփը քամու էներգիան անվանել է «խաբեություն». Euronews

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի հրաժարվում հողմային էներգիայի դեմ իր պայքարից: Կիրակի Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ մամուլի ասուլիսի ժամանակ նա քննադատել է էներգիայի այդ տեսակն՝ այն անվանելով «խարդախություն», որը «չի աշխատում»։

Երկուշաբթի էլ Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ մամուլի ասուլիսի ժամանակ Թրամփը կրկին քննադատել է քամու էներգիան, տուրբիններն անվանել է «տգեղ հրեշներ»: «Սա էներգիայի ամենավատ ձևն է, էներգիայի ամենաթանկ ձևը, հողմաղացները չպետք է թույլատրվեն, դրանք վնասում են վայրի բնությունը»,- ասել է Թրամփը։

Սակայն Վերականգնվող էներգիայի միջազգային գործակալության (IRENA) վերջին զեկույցում, որը վերաբերում է վերականգնվող էներգիայի ծախսերին, ասվում է, որ ամբողջ աշխարհում քամու էներգիան այժմ 53 %-ով ավելի էժան է, քան հանածո վառելիքի ամենաէժան այլընտրանքը: Պարզվել է, որ առափնյա քամին էլեկտրաէներգիայի նոր սերնդի ամենամատչելի աղբյուրն է։

Գործակալությունը չի հաստատել նաև Թրամփի այն պնդումը, որ հողմային տուրբինները «սկսում են ժանգոտել և փտել ութ տարի անց: IRENA-ն քամու տուրբինի կյանքի միջին տևողությունը նշել է 20-25 տարի, այլ ոչ թե ութ։

ԱՄՆ նախագահն ասել է, որ «դրանք գրեթե բոլորը պատրաստվում են Չինաստանում»: Քամու էներգիայի համաշխարհային խորհրդի տվյալներով՝ աշխարհի քամու տուրբինների արտադրության հզորության մոտ 60 %-ն է գտնվում Չինաստանում։ Կան նաև նշանակալի արտադրական կենտրոններ աշխարհի այլ երկրներում, որոնց հիմնական արտադրողները գտնվում են Գերմանիայում, Իսպանիայում, Ֆրանսիայում և Դանիայում: Ենթադրվում է, որ Եվրոպան կազմում է համաշխարհային արտադրության մոտ 19 %-ը։

Չի հաստատվել նաև Թրամփի այն պնդումը, որ քամու էներգիան «խաբեություն է» և այն ձախողվել է Գերմանիայում։ Անցյալ տարի քամու էներգիան կազմել է Գերմանիայի էլեկտրաէներգիայի արտադրության 28 տոկոսը՝ քամու ուժը դարձնելով երկրի էլեկտրաէներգիայի ամենամեծ աղբյուրը:

Չեն ընդունվել նաև ԱՄՆ նախագահի այն հավաստիացումները, թե քամու տուրբինները սպանում են թռչուններին ու ծովային կենդանիներին:

Թրամփը Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերին կոչ է արել աջակցել Հյուսիսային ծովում նավթի և գազի հորատմանը։

Շատերը Թրամփի հողմային պատերազմի պատճառ են համարում Շոտլանդիայում նրա շքեղ Turnberry Golf Resort-ից երևացող քամու 11 տուրբինը, որոնց վերացման համար 2013 թվականին նա դատական գործընթաց էր սկսել Շոտլանդիայի իշխանությունների դեմ: Սակայն 2015 թվականի դեկտեմբերին Մեծ Բրիտանիայի Գերագույն դատարանն այն մերժել է:

Related posts

Եթե ՌԴ շուկան 100 տոկոսով բացվի, միևնույն է՝ ջանքեր ենք գործադրելու, որ դիվերսիֆիկացիան տեղի ունենա. Փաշինյան

Մեր ցանկությունն այն է, որ իրադրությունը հնարավորինս շուտ լուծվի. Փաշինյանը՝ Իրանին տնտեսական պատերազմ հայտարարելու մասին

Արմեն Աշոտյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել շուրջ 385 միլիոն դրամ, 3 անշարժ գույք