Երևան-Գյումրի ավտոճանապարհին տեղի ունեցած ողբերգական վթարի գործով նախաձեռնվել է քրեական վարույթ

ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում իրականացվում է քննություն՝ Երևան-Գյումրի ավտոճանապարհին տեղի ունեցած՝ երկու անձի մահվան ելքով ճանապարհատրանսպորտային պատահարի դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Ինչպես հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից, 2023թ. ապրիլի 24-ին՝ ժամը 16։00-ի սահմաններում, Երևան-Գյումրի ավտոճանապարհի 63-րդ կմ հատվածում միմյանց են բախվել Շիրակի մարզի 23-ամյա բնակչի վարած «Վազ 2115» և Լոռու մարզի 31-ամյա բնակչուհու վարած «Նիսսան» մակնիշի ավտոմեքենաները, որի հետևանքով «Վազ 2115» մակնիշի ավտոմեքենայում գտնվող երկու 21-ամյա ուղևորներից մեկը տեղում մահացել է, իսկ մյուսը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է բժշկական կենտրոն, որտեղ ժամը 19:40-ի սահմաններում, գիտակցության չգալով, մահացել է։ Հիշյալ ավտոմեքենաների վարորդները տեղափոխվել են բժշկական կենտրոններ:Նրանցից մեկի վիճակը գնահատվել է բավարար, մյուսինը՝ ծանր։

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 2-րդ մասով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Նախաքննության ընթացքում կատարվել է դեպքի վայրի և ճանապարհատրանսպորտային միջոցների զննություն, նշանակվել են դիակների դատաբժշկական փորձաքննություններ: Ստուգվել է վարորդների սթափության աստիճանը, ըստ որի՝ վերջիններս եղել են սթափ վիճակում:

Նախաքննությունը շարունակվում է: Իրականացվում են վարութային և ապացուցողական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։

Ծանուցում.հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Related posts

Ուկրաինական դրոնները շարունակում են հարձակումները Ռուսաստանի նավթաքիմիական օբյեկտների վրա

Վարչապետի ուշադրության կենտրոնում են Գյումրու ճանապարհային ենթակառուցվածքների բարելավման ծրագրերը. Շիրակի մարզպետ

Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել