Դատավորների, դատախազների և քննիչների կենսաթոշակները որոշակիորեն բարձրացվում են. ՀՀ վարչապետ

Կառավարությունը հավանություն տվեց «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» և հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու նախագծին:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի խոսքով՝ նպատակը դատավորների կենսաթոշակի իրավունքի պայմանների համապատասխանեցումն է Սահմանադրական դատարանի համապատասխան որոշմանը, ինչպես նաև դատախազների և քննչական մարմիններում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց կենսաթոշակային ապահովության միասնական պայմանների սահմանումը:

«Նախագծով առաջարկում ենք կատարել Սահմանադրական դատարանի որոշման կատարումը, որը հակասահմանադրական էր ճանաչել դատավորների համար կենսաթոշակի իրավունքի իրացման պայմանների տարբերակված մոտեցումը: Մենք սահմանում ենք միասնական պայմաններ՝ վերացնելով ՍԴ-ի կողմից արձանագրված խտրական մոտեցումը»,- ասաց Մկրտչյանը:

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն էլ շեշտեց, որ այս նախագծով սոցիալական խնդիր է լուծվում:

«Մեր հայրենակիցների մի մեծ խմբի թոշակային ապահովման պայմաններն էականորեն բարելավվում են: Դա իրավապահ և դատական համակարգն է»,- ասաց Գրիգորյանը:

«Կենսաթոշակային ապահովման այս փաթեթով դատավորների, դատախազների և քննիչների կենսաթոշակները որոշակիորեն բարձրացվում են»,- ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Related posts

Ձերբակալվել է ՀԷՑ-ի ևս 2 աշխատակից

Չնախատեսված կարճատև հանդիպում Լեռնանիստի բնակիչների հետ. վարչապետը տեսանյութ է հրապարակել

ՀՀ ԱԳ փոխնախարարը և Քորթնի Ռեթրին մտքեր են փոխանակել ՄԱԿ Գլխավոր քարտուղարի «ՄԱԿ 80» նախաձեռնության վերաբերյալ