Հայաստանը երբեք դելիմիտացիայի, դեմարկացիայի հարցում նախապայմաններ առաջ չի քաշել. ՀՀ ԱԽ քարտուղար

Հայաստանը երբեք դելիմիտացիայի, դեմարկացիայի հարցում նախապայմաններ առաջ չի քաշել: Այդ մասին Կառավարությունում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:

«Հայաստանը պարզապես պահանջել է, որ բոլոր այն պայմանավորվածությունները, որոնք նշված են եղել անցած տարի նոյեմբերի 26-ին Սոչիում, իրագործվեն: Հայտարարության մեջ նշված է անվտանգության բարձրացման շուրջ քայլեր ձեռնարկել, այնուհետև սկսել դելիմիտացիայի, դեմարկացիայի գործընթացը: Բացի դրանից, մի այսպիսի կարևոր հանգամանք կա. երբ Հայաստանի և Ադրբեջանի ԶՈՒ-երը շատ մոտ կանգնած են իրար, ապա ցանկացած քաղաքական գործընթաց կարող է ազդել այդ միջավայրի վրա, և սրացումներ լինեն»,- հայտնեց նա:

ԱԽ քարտուղարը նշեց, որ այդտեղ չի կարող որևէ նախապայմանի ընկալում նույնիսկ լինել:

«Հայաստանն առաջարկում է, որ զորքերը հայելային հետ քաշվեն, այնտեղ տեղակայվեն սահմանապահ զորքեր, որպեսզի կարողանանք սահմանազատման և սահմանագծման գործընթացը հանգիստ անցնել: Ես համոզված եմ, որ եթե ելնենք բոլոր պայմանավորվածություններից, ապա նման հարց չի կարող ծագել»,- ասաց Արմեն Գրիգորյանը:

Related posts

Քաղաքացիների անուններով բանկային հաշիվներ են բացում և վարկեր ձևակերպում. ԿԲ-ն զգուշացնում է նոր խարդախության սխեմայի մասին

Ոստիկանություն է տեղափոխվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 65 անձ

Վարչապետն ընդունել է ՀՀ պետական մրցանակակիր Քեմ Ղաֆֆարիանին