Բաքվի և Երևանի միջև բանակցային գործընթացում առաջխաղացման շանսերն ավելի են մեծացել. Ամիրբեկով

Բաքվի և Երևանի միջև բանակցային գործընթացում առաջխաղացման շանսերն ավելի են մեծացել՝ հայտարարել է Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը, հավելել՝ այժմ խաղաղության հասնելու ճանապարհին լուրջ խոչընդոտներ չկան:

Նա հույս է հայտնել, որ մոտ ապագայում Ադրբեջանի և Հայաստանի ներկայացուցիչները խաղաղության համաձայնագրի նախագծի բանակցությունների ևս մեկ փուլ կանցկացնեն: Ամիրբեկովը տեղեկացրել է, որ այժմ կողմերը փոխանակում են համաձայնագրի տեքստի վերաբերյալ դիտողությունները և առաջարկները:

Ադրբեջանի նախագահի ներկայացուցիչը կոչ է արել Արևմուտքին չխանգարել տարածաշրջանում ծավալվող խաղաղության գործընթացներին: «Եվրամիության առանձին երկրների դիրքորոշումը բացասաբար է ազդում Հարավային Կովկասում երկարաժամկետ կայունության հասնելու գործընթացի վրա»,- պնդել է Ամիրբեկովը։
Պաշտոնյայի խոսքով՝ հաղորդակցությունների ապաշրջափակումը և Ադրբեջանի ու Հայաստանի սահմանի սահմանազատումը խաղաղ գործընթացի անբաժանելի մասն են։

Նա անդրադարձել է նաև այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքին»: Պաշտոնյան հերթական անգամ հայտարարել է, թե իբր Երևանը Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարությամբ պարտավորվել է բացել այդ միջանցքը: «Սա նշանակում է նաև Ասիայի և Եվրոպայի միջև կապի վերականգնում»,- հավելել է Ամիրբեկովը: Ավելի վաղ ադրբեջանական կողմը հայտարարել է, որ Բաքուն այլընտրանք է գտել և Նախիջևանի հետ տրանսպորտային կապ կապահովի Իրանի տարածքով:

Պաշտոնական Երևանը մշտապես հայտարարել է, որ եռակողմ հայտարարություններում «միջանցքային տրամաբանություն չկա», իսկ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք» ձևակերպումը Հայաստանի նկատմամբ տարածքային նկրտում է։

Related posts

Մենք Ադրբեջանին հստակ ասում ենք՝ չենք պատրաստվում քննարկել իրենց հետ Սահմանադրության հարցը. վարչապետ

ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ, առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված անձանց հետ

Մենք գնում ենք Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերություններ կարգավորելու, որ հաղթահարենք ֆորպոստի կարգավիճակը. Փաշինյան