«Երկու օր է՝ Ազգային ժողովում քննարկում ենք ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը, և պետք է անկեղծ լինեմ՝ մեր բոլորի ուղեղը ճաքում է, բանականությունն ընկնում է հոգեվարքի մեջ, մենք չենք հասկանում՝ ինչ են ուզում, չենք հասկանում՝ ընդդիմության հարցերն ի՞նչ նպատակակետի են ուղղված։ Դաշնակցությունն ավելի խորն է գնում, ասում է՝ լայնություն, երկարություն, կոորդինատներ, ամեն ինչ հիմա պետք է ասեք՝ մինչև ստորագրելը, որովհետև սա միայն և միայն օգուտ է Ադրբեջանին։ Հայաստանի Հանրապետությունը սրանից օգուտներ չի ստանալու»,- ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Լիլիթ Մինասյանը և վարչապետ Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց, թե ինչ է ստանում Հայաստանի Հանրապետությունը ԹՐԻՓՓ նախագծից։
«Ես կարծում եմ՝ նախ մենք պետք է այդ մտայնությունից և պրոցեսից դուրս գանք, որ երբ Ադրբեջան անունը հնչում է կամ Թուրքիա անունը հնչում է, Հայաստանում սկսվում է փոթորիկ, երկրաշարժ, ցունամի և այլն։ Այսինքն՝ մենք ուզում ենք խաղաղություն, որ Ադրբեջանը ոչ մի բան չստանա՞, մենք ամեն ինչ ստանա՞նք։ Ընդդիմությունը՝ պատերազմի եռագլուխ կուսակցությունը, ի՞նչ է անում. գալիս է, ասում է՝ Ադրբեջան, Թուրքիա, Ադրբեջան, Թուրքիա, Ադրբեջան, Թուրքիա, Ադրբեջան, Թուրքիա։ Այո՛, Ադրբեջան, Թուրքիա, որովհետև Հայաստանի Հանրապետությունը, մինչև իր հարևանների՝ Իրանի, Թուրքիայի, Վրաստանի, Ադրբեջանի հետ չունենա նորմալ հարաբերություններ, լինելու է ֆորպոստ։ Ի՞նչ են ուզում այս մարդիկ։ Ի՞նչ են ուզում այս մարդիկ. այս մարդիկ ուզում են, որ Հայաստանը լինի ֆորպոստ։ Դրա համար ի՞նչ է պետք։ Պետք է, որ չլինի խաղաղություն։ Ինչո՞ւ են ուզում, որ Հայաստանը լինի ֆորպոստ։ Որովհետև իրենց փողերն են պաշտպանում։ Որովհետև իրենց փողերը հիմա փակի տակ են, ասել են՝ մինչև դուք Հայաստանը ֆորպոստ չդարձնեք, չվերադարձնեք ֆորպոստի կարգավիճակին, բոմժ եք դառնալու։ Հիմա իրենք դառնում են բոմժ և իրենց այդ պրոցեսից են պաշտպանում։ Ու Հայաստանում շատերը տրվում են դրան։ Այսինքն՝ ո՞նց եք պատկերացնում, ես ուզում եմ հասկանալ։ Ադրբեջանով Հայաստան գալիս են գնացքներ։ Ադրբեջանով Հայաստան գալիս են գնացքներ։ Ի՞նչ եք առաջարկում։ Այսինքն՝ փակե՞նք ճանապարհը։ Եվ, իմ կարծիքով, մենք էլ տրվում ենք դրան։ Այո՛, մենք գնում ենք Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերություններ կարգավորելու, որ հաղթահարենք ֆորպոստի կարգավիճակը։ Եվ այն, ինչ որ անում ենք, մեր արածի մեջ ոչ մի գաղտնի բան չկա, ամեն ինչ հրապարակային է, բաց, հրապարակային դրված է։
Այսինքն՝ որևէ մեկն ուզում է խաղաղություն Ադրբեջանի հետ կոնֆլիկտի պայմաններո՞ւմ։ Չի կարող այդպիսի բան լինել։ Այս մարդիկ դեմ են Հայաստանի անկախությանը, այս մարդիկ դեմ են Հայաստանի պետությանը։ Որովհետև պետությունն այն է, որ իրենց թույլ չի տալիս թալանել։ Իրենց ֆորպոստ է պետք, որ գեներալներով, նախկին նախարարներով, պաշտոնյաներով, օլիգարխներով Հայաստանը թալանեն։ Իրենք ուզում են թալանել։ Երեսուն տարի ի՞նչ են արել. Ադրբեջան-Թուրքիա ասելով՝ թալանել են։ Մեկին ասել ենք՝ բա էս ի՞նչ եք անում, ասել են՝ դե բանակը, դիրքերը պահում ենք։ Հետո գնացել ենք, տեսել ենք՝ ոչ մի բան չկա։ Մենք գնում ենք մեր երկրի շահերի հետևից։ Եվ այո՛, Ադրբեջանն էլ է ստանալու, Հայաստանն էլ է ստանալու, Վրաստանն էլ է ստանալու, Թուրքիան էլ, տարածաշրջանն էլ։ Եվ մենք տարածաշրջանը դուրս ենք բերում կոնֆլիկտի փակուղի լինելուց։ Այդ ենք մենք անում։ Էս մարդիկ, ինչ լինում է, գալիս են, ասում են՝ Ադրբեջան»,- նշեց Փաշինյանը։
Անդրադառնալով պատգամավորի՝ ԹՐԻՓՓ-ի օգուտները հանրամատչելի ներկայացնելու խնդրանքին՝ վարչապետն ասաց.
«Մենք տգետ քաղաքագետներին լիկբեզ անելու անհրաժեշտություն չունենք։ Ով ուզում է իմանալ՝ Հայաստանն ինչ է ստանում ԹՐԻՓՓ-ից, թող գնա Մեղրի։ Ես որ գնում եմ Մեղրի, մարդիկ ինձ ասում են՝ ե՞րբ է բացվելու, ե՞րբ է լինելու։ Այսինքն՝ ի՞նչ հանրամատչելի, մենք տգետներին, տգետ քաղաքագետներին կրթություն տալու վրա պիտի մեր ջանքը գործադրե՞նք։ Գնում եմ Կապան, ասում են՝ ե՞րբ է լինելու սահմանազատումը։ Գնում եմ Մեղրի, ասում են՝ ե՞րբ է ճանապարհը բացվելու։ Գնում եմ Գորիս՝ նույնը։ Այսինքն՝ ինչ-որ մի, ասենք, խմբակի մարգինալներ, որոնք ամեն օր ստանում են՝ էսօր չորս անգամ կասեք՝ Ադրբեջան, հինգ անգամ՝ Թուրքիա։ Ասենք՝ մենք պիտի այս մարդկանց վրա էներգիա ծախսե՞նք։ Թո՛ղ գնան գլուխները տան պատին։ Չեն հասկանում՝ թող այնքան տան պատին, որ հասկանան։ Հայաստանի ժողովուրդը շատ լավ հասկանում է և իր դիրքորոշումն արտահայտում է։ Մեղրիում ինձ մարդիկ ասում են՝ բացվելո՞ւ է, թե՞ ոչ, ե՞րբ է բացվելու։ Ասում եմ՝ այո՛, բացվելու է և շատ շուտով»։