Բացահայտվել են առանց մաքսային հսկողության ներքո գտնվող տրանսպորտային միջոցն այլ անձին հանձնելու մի շարք դեպքեր

ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության օպերատիվ հետախուզական բաժնի և ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցների կողմից Երևան քաղաքում իրականացված հսկողական աշխատանքների արդյունքում բացահայտվել են առանց մաքսային մարմնի գրավոր թույլտվության` մաքսային հսկողության ներքո գտնվող տրանսպորտային միջոցն այլ անձին հանձնելու մի շարք դեպքեր։

Այս մասին հայտնում են Պետական եկամուտների կոմիտեից։

Այսպես, 2023 թվականի ապրիլի 7-ից 15-ն ընկած ժամանակահատվածում կանգնեցվել և ստուգվել է շուրջ 9 տասնյակից ավելի ՀՀ ներմուծված հիմնականում վրացական պետհամարանիշերով ավտոտրանսպորտային միջոց: Ավտոմեքենաներից 5-ը եղել է հանձնված այլ անձի, իսկ մեկ դեպքում էլ խախտված է եղել հետագա արտահանման պարտավորությունը։ Նշված տրանսպորտային միջոցները տեղափոխվել են ՆԳՆ ոստիկանության հատուկ պահպանման տարածք, այնուհետև ՊԵԿ մաքսային հսկողության գոտի։

Իրավախախտումների վերաբերյալ կազմվել են մաքսային կանոնների խախտման արձանագրություններ` «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքի 308-րդ և 309-րդ հոդվածի հատկանիշներով և նյութերը փոխանցվել են ՊԵԿ իրավաբանական վարչություն։

Պետական եկամուտների կոմիտեն ևս մեկ անգամ իրազեկում է, որ ԵԱՏՄ մաքսային օրենսգրքի 264-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն, ժամանակավոր ներմուծված անձնական օգտագործման տրանսպորտային միջոցները Միության մաքսային տարածքում պետք է գտնվեն հայտարարատուի փաստացի տիրապետման և օգտագործման տակ, եթե այլ բան սահմանված չէ սույն հոդվածով: Ժամանակավոր ներմուծված անձնական օգտագործման տրանսպորտային միջոցները կարող են հայտարարատուի կողմից փոխանցվել այն անձին, որին սեփականության իրավունքով պատկանում է տրանսպորտային միջոցը, ինչպես նաև առանց մաքսային մարմնի թույլտվության և առանց մաքսային հայտարարագրի թույլատրվում է անդամ պետության ֆիզիկական անձի կողմից ժամանակավոր ներմուծված անձնական օգտագործման տրանսպորտային միջոցը փոխանցել նրա ծնողներին, երեխաներին, ամուսնուն կամ կնոջը։ Նշված արարքների խախտումը նախատեսում է վարչական պատասխանատվություն «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքի 308-րդ հոդվածի համաձայն՝ մաքսային արժեքի 20 տոկոսի չափով։

Related posts

ՔՊ վարչության նիստում քննարկվել են կուսակցական, քաղաքական և հանրային կարևորություն ունեցող հարցեր

Սահմանազատման գործընթացի վերաբերյալ բոլոր հարցերը քննարկվում են բացառապես պետական հանձնաժողովների համատեղ աշխատանքների շրջանակներում․ Մհեր Գրիգորյանի գրասենյակ

Աննա Հակոբյանը բարձրագույն կրթությունը կշարունակի Չինաստանում, Մարինե Հակոբյանը կսովորի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանում