ԱԺ պատգամավորները բուռն ծափողջույններով ճանապարհեցին Ալեն Սիմոնյանին և Հակոբ Արշակյանին

ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը իր և դահլիճում ներկա պատգամավորների անունից շնորհակալություն հայտնեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին վերջին 5 տարիներին Ազգային ժողովի նախագահի պարտականությունները փայլուն կատարելու համար:

«Պարոն Սիմոնյանը շատ կարևոր ժամանակաշրջանում է ԱԺ նախագահ եղել, աշխարհի ամենահեշտ Ազգային ժողովում չէ, որ նախագահ է եղել, բոլորդ տեսել եք, թե ինչ մարդկանց հետ է ստիպված եղել շփվել»,- հայտարարեց Ռուբինյանը:

Նրա խոսքով՝ այս տարիների ընթացքում Հայաստանն անցել է բազմաթիվ բարդությունների ու դժվարությունների միջով, բայց իրենք բոլորը՝ ՀՀ վարչապետի գլխավորությամբ, հասել են իրենց ամենակարևոր խոստման կատարմանը՝ խաղաղությանը:

«Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել պարոն Սիմոնյանին մեր քաղաքական թիմն առաջնորդելու համար»,- ասաց նա, որի խոսքերը պատգամավորները հոտնկայս ողջունեցին բուռն ծափահարություններով:

Ռուբինյանը, շարունակելով խոսքը, ասաց՝ սա դեռ ամենը չէ, քանի որ Ալեն Սիմոնյանը դա մենակ չի արել:

«Մեզ լքում է նաև Ազգային ժողովի լավագույն փոխնախագահ Հակոբ Արշակյանը, և ես ուզում եմ շնորհակալություն հայտնել պարոն Արշակյանին իր պարկեշտության և իր քաղաքական սկզբունքայնության համար: Եվ ուզում եմ իմ, պարոն Սիմոնյանի և Արշակյանի անունից շնորհակալություն հայտնել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանը պնդության, հաստատակամության համար ու խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանին, որը կրկին փայլուն կատարեց իր առաքելությունը»,- հայտարարեց Ռուբինյանը, որի խոսքերն ուղեկցվում էին անընդմեջ ծափահարություններով:

«Պարոն Արշակյանը և ես հուզված ենք»,- ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

Related posts

Թուրքիայում համալսարան չեմ գնացել, թուրքական դիպլոմ չունեմ. Ռուբեն Ռուբինյան

Այս ինֆորմացիան կեղծ է․ Սուրենյան

ՔՏՀԱ տեսչական մարմնի Շիրակի բաժնի նախաձեռնությամբ անցկացվել են աշխատանքային քննարկումներ՝ մարզի պատասխանատուների մասնակցությամբ