Միջադեպ, նախազգուշացում և խոսափողի անջատում. Ազգային ժողովում իրավիճակը լարվեց

Ազգային ժողովի հերթական նիստի ժամանակ բանավեճ է տեղի ունեցել «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի և ԱԺ փոխնախագահ Վահագն Ալեքսանյանի միջև:
Լևոն Քոչարյանն անդրադարձավ Հայկ Ֆարմանյանի ընտրության շուրջ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների հնչեցրած հարցադրումներին: Նկատեց, որ իշխանական պատգամավորները փորձում են ՊԵԿ համակարգում դեռևս 1991 թվականից սկսված իրական ու ենթադրյալ բացթողումները կապել թեկնածուի հետ:
Քոչարյանը շեշտեց, որ պատգամավորներից մեկն ակնարկել է թեկնածուի դեմ իրավապահներին հաղորդում ներկայացնելու անհրաժեշտության մասին, ինչը նա բնորոշեց «գործ տալ»:
Վահագն Ալեքսանյանն անմիջապես ընդհատեց պատգամավորին՝ հայտարարելով, որ նման բառապաշարն անընդունելի է խորհրդարանում։
«Ձեր ասածը քրեական ենթամշակույթին բնորոշ խոսույթ է: Հայաստանի Հանրապետությունում չկա նման բան, և չկա մի պատգամավոր, որը կարող է ոստիկանությանը հաղորդում ներկայացնելն անվանել «գործ տալ»»,- նշեց Ալեքսանյանը և կարգադրեց անջատել Լևոն Քոչարյանի խոսափողը։
Վիճաբանությանը միջամտեցին նաև այլ պատգամավորներ։ Մասնավորապես, տեղից միջամտելու համար Վահագն Ալեքսանյանը նախազգուշացում տվեց նաև ՔՊ-ական պատգամավոր Արման Եղոյանին՝ զրկելով նրան տվյալ նիստի ընթացքում ձայնի իրավունքից։

Related posts

Կիրականացվի համայնքների միավորման 2 ծրագիր

«Չորրորդ հանրապետությունը»՝ Հայաստանի պատմության նոր փուլ

2026-ի առաջին կիսամյակում անչափահասների կատարած հանցագործությունների 363 քրեական վարույթ է քննվել․ ՔԿ