Թուրքիայում համալսարան չեմ գնացել, թուրքական դիպլոմ չունեմ. Ռուբեն Ռուբինյան

ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանին լրագրողներն այսօր հարցեր ուղղեցին նրա՝ Թուրքիայում վերապատրաստվելու և ուսումնառության մասին, ինչին ի պատասխան նա ասաց՝ վերջերս նման տխմարություններ շատ է լսել Սամվել Կարապետյանի թիմակիցներից:

Ռուբինյանի խոսքով՝ ինքը նմանատիպ խոսակցություններին անդրադարձել է դեռևս 8 տարի առաջ, սակայն կարող է ևս մեկ անգամ ներկայացնել իրողությունը:

«Սուտ համար մեկ՝ ասում են՝ ես սովորել եմ Թուրքիայում և իմ ուսանողական տարիներն անցկացրել եմ Թուրքիայում: Ստում են: Ես իմ ուսանողական տարիներն անցկացրել եմ սկզբից Հայաստանում՝ ԵՊՀ-ում սովորելու տարիներին 2006-2010 թվականներին, հետո՝ Լոնդոնում, երբ մագիստրատուրա եմ ավարտել 2010-2011-ին, հետո Լեհաստանում, որտեղ կրկին մագիստրատուրա եմ ավարտել 2011-2012 թթ.:

Ես Թուրքիայում համալսարան չեմ գնացել, ես Թուրքիայում ոչինչ չեմ սովորել, թուրքական դիպլոմ չունեմ: Չկա ինչ-որ մեկը, որ ինձ դաս է տվել Թուրքիայում»,- նշեց Ռուբինյանը՝ պարզաբանելով՝ ինչի մասին է խոսքը:

Նրա խոսքով՝ 2016-2017 թվականներին 5 ամիս ինքը մասնակցել է հայազգի լրագրող Հրանտ Դինքի անվան հիմնադրամի ծրագրին՝ «Սահմանից անդին», որը հնարավորություններ էր ընձեռում հայաստանցիներին և Թուրքիայի քաղաքացիներին համապատասխանաբար Հայաստանում և Թուրքիայում ֆելոուշիփ անել:

«Ես քանի որ լրագրող չէի, հետաքրքրված էի գիտական գործունեությամբ, 5 ամիս այնտեղ հետազոտություն եմ իրականացրել, որը, ի դեպ, չեմ էլ ավարտել, որովհետև կեսից եկել եմ Հայաստան: Բայց եթե ինչ-որ մեկի՝ Թուրքիայում եղած լինելը համարվում է խնդրահարույց, ուրեմն Հայաստանի բնակչության մի ստվար զանգվածի այնտեղ լինելն է համարվում խնդրահարույց, ուրեմն մեր արևելագիտական ֆակուլտետը պետք է փակել այդ տրամաբանությամբ»,- պարզաբանեց նա:

Related posts

ԱԺ պատգամավորները բուռն ծափողջույններով ճանապարհեցին Ալեն Սիմոնյանին և Հակոբ Արշակյանին

Այս ինֆորմացիան կեղծ է․ Սուրենյան

ՔՏՀԱ տեսչական մարմնի Շիրակի բաժնի նախաձեռնությամբ անցկացվել են աշխատանքային քննարկումներ՝ մարզի պատասխանատուների մասնակցությամբ