ԿԳՄՍ նախարարը ՌԴ դեսպանի հետ հանդիպմանը բարձրաձայնել է ԼՂ-ում ստեղծված հումանիտար ճգնաժամի և երեխաների կրթության իրավունքի խախտման խնդիրը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Հանդիպմանը ներկա էր նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:

Սերգեյ Կոպիրկինը շնորհավորել է Ժաննա Անդրեասյանին նախարար նշանակվելու կապակցությամբ՝ մաղթելով հաջողություններ այդ կարևոր և պատասխանատու պաշտոնում:

ԿԳՄՍ նախարարը նշել է, որ Հայաստանի և Ռուսաստանի միջպետական հարաբերություններում համագործակցությունը կրթության, գիտության, մշակույթի և սպորտի ոլորտներում առանձնահատուկ տեղ է գրավում: Համատեղ ծրագրերի շարունակականությունն ու ոլորտային նոր նախաձեռնությունների իրականացումն օրակարգային առաջնահերթություն է: Որպես համագործակցության կարևոր բաղադրիչ` նախարար Ժաննա Անդրեասյանը շեշտադրել է երկկողմ ծրագրերի շարունակական իրականացումը՝ միջոցառումների, փորձի փոխանակման, համատեղ մշակութային և սպորտային միջոցառումների իրականացման ձևաչափով:

Կարևորվել է նաև գիտության և կրթության ոլորտներում համագործակցության խորացումը. այս համատեքստում նշվել է բուհական ոլորտում կրթաթոշակային ծրագրերի մասին, որի շրջանակում ՀՀ երիտասարդներն անվճար կրթության հնարավորություն են ստանում ՌԴ բարձրագույն ուսումնական հաստատություններում:

Նշելով, որ ԿԳՄՍ նախարարության համակարգման ոլորտներում առկա նախաձեռնությունների շարունակական իրականացումը կնպաստի հայ-ռուսական համագործակցության զարգացմանը՝ ՌԴ դեսպանը պատրաստակամություն է հայտնել աջակցելու երկու երկրների նախարարությունների և ոլորտային կառույցների միջև համատեղ ծրագրերի իրականացմանն ու փոխգործակցության սերտացմանը:

Սերգեյ Կոպիրկինը կարևորել է քաղաքացիական հասարակության և երիտասարդների ներգրավումը հայ-ռուսական համատեղ նախագծերում, մասնավորապես՝ սպորտային և կրթամշակութային միջոցառումներում: Այս համատեքստում ընդգծվել է առաջիկայում կայանալիք ՌԴ հանրահայտ դաշնակահար Դենիս Մացուևի և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի համատեղ համերգը, որը տեղի կունենա Երևանում` «Արամ Խաչատրյան» համերգասրահում:

Կողմերն անդրադարձել են նաև 2023 թվականին Արամ Խաչատրյանի 120, Հայ կինոյի 100, Սերգեյ Ռախմանինովի 150, Ֆեոդոր Շալյապինի 150-ամյա հոբելյանական ծրագրերին և քննարկել Հայաստանում ու Ռուսաստանում համատեղ միջոցառումների կազմակերպման հնարավորությունները: Հանդիպման ընթացքում ԿԳՄՍ նախարարը բարձրաձայնել է Լեռնային Ղարաբաղի շրջափակման հետևանքով ստեղծված հումանիտար ճգնաժամի և երեխաների կրթության իրավունքի խախտման խնդիրը` հիշեցնելով, որ 2022 թվականի դեկտեմբերի 12-ից Ադրբեջանի Հանրապետությունը փակել է Լեռնային Ղարաբաղը Հայաստանի Հանրապետությանը և ամբողջ աշխարհին կապող միակ ճանապարհը` Լաչինի միջանցքը, որի հետևանքով ստեղծված հումանիտար ճգնաժամն անդառնալի հետևանք է ունեցել բոլոր ոլորտների, հատկապես երեխաների կրթության վրա:

Նախարարը շեշտել է, որ Լեռնային Ղարաբաղում այս պահին չեն գործում կրթական հաստատությունները, բազմաթիվ երեխաներ և ուսանողներ Հայաստանից չեն կարողանում վերադառնալ Լեռնային Ղարաբաղ: Ի պատասխան՝ ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը հայտնել է, որ ռուսական կողմը մտահոգ է ստեղծված իրավիճակով և հետևողական քայլեր է ձեռնարկում կոնֆլիկտի լուծման ուղղությամբ:

Related posts

ՔՊ վարչության նիստում քննարկվել են կուսակցական, քաղաքական և հանրային կարևորություն ունեցող հարցեր

Սահմանազատման գործընթացի վերաբերյալ բոլոր հարցերը քննարկվում են բացառապես պետական հանձնաժողովների համատեղ աշխատանքների շրջանակներում․ Մհեր Գրիգորյանի գրասենյակ

Աննա Հակոբյանը բարձրագույն կրթությունը կշարունակի Չինաստանում, Մարինե Հակոբյանը կսովորի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանում