Գերեվարված հայ զինծառայողներին Բաքվում խոշտանգել են. ՄԻՊ

Գերեվարված հայ զինծառայողներին Բաքվում խոշտանգել են: Սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետևանքով գերեվարված, հետո Հայաստան վերադարձած 17 զինծառայողների հետ անհատական զրույցներում արձանագրել է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը:

Քրիստիննե Գրիգորյան (ՀՀ մարդու իրավունքների պաշտպան) – Բաքվի տարբեր իշխանությունների, իրավապահ տարբեր մարմինների հետ իրենց առնչություններում, նույն հոսպիտալում ունենք արձանագրած դեպքեր: Բժիշկների և բժշկական անձնակազմի կողմից վատ վերաբերմունքի դեպքեր ունենք արձանագրած:

Քրիստիննե Գրիգորյանն ընդգծում է՝ ադրբեջանցի զինվորականները շարունակում են պատերազմական հանցագործությունները, քանի որ Բաքվի իշխանությունները խրախուսում են դրանք: ՄԱԿ-ի Խտրականության տարբեր ձևերի վերացման կոմիտեին ադրբեջանական կողմը զեկուցել է՝ 2020 թվականից հետո պատերազմական հանցագործությունների մեջ մեղադրվողներից ոմանց պատժի է ենթարկել՝ սահմանելով երկամսյա տնային կալանք: Մարդու իրավունքների պաշտպանն այս քայլը անպատժելիության դրսևորում է որակում:

Քրիստիննե Գրիգորյան – Ոչ միայն անպատժելիության է մատնում, այլ նաև խրախուսում և գովաբանում է նման տեսակ հանցագործությունները, հակառակ դեպքում՝ ինչպես ենք հիմնավորում, որ նույն այդ ամենածանր, ամենաանմարդկային հանցանքներ կատարած հատուկ ստորաբաժանումները մշտապես տեսանկարահանում են իրենց պատերազմական հանցագործությունները և տարածում սոցիալական ցանցերում:

Հայ զինծառայողների նկատմամբ անմարդկային վերաբերմունքի, նրանց գնդակահարության և անդամահատման տեսանյութերին միջազգային հանրության արձագանքն օպերատիվ էր՝ նշում է Գրիգորյանը, անդրադառնում նաև ադրբեջանցիների դեմ կատարված ենթադրյալ «պատերազմական հանցագործությունների մասին» Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի գրառմանը:

Քրիստիննե Գրիգորյան – Պարոն Կլաարը ինձ պատասխանել է, որ անպայման կուղարկի, բայց մինչ այս պահը ես դեռ չունեմ այդ տեսանյութը:

Մարդու իրավունքների պաշտպանն արժանահավատ չի համարում նաև հայ զինծառայողների հանցագործությունների վերաբերյալ ադրբեջանցիների հայտարարությունները: Ընդգծում է՝ եթե այդ տեսանյութերն ու լուսանկարներն իրական են, Ադրբեջանը պետք է ուսումնասիրման տրամադրի միջազգային անկախ և անկողմնակալ կառույցներին:

Related posts

ՔՊ վարչության նիստում քննարկվել են կուսակցական, քաղաքական և հանրային կարևորություն ունեցող հարցեր

Սահմանազատման գործընթացի վերաբերյալ բոլոր հարցերը քննարկվում են բացառապես պետական հանձնաժողովների համատեղ աշխատանքների շրջանակներում․ Մհեր Գրիգորյանի գրասենյակ

Աննա Հակոբյանը բարձրագույն կրթությունը կշարունակի Չինաստանում, Մարինե Հակոբյանը կսովորի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանում