Սա ՀՀ ներքին գործերին կոպտագույն միջամտություն է. ՌԴ դեսպանին հանձնվել է հայտագիր

«ՀՀ ԱԳ նախարար Միրզոյանի կողմից վերջին հանրային անդրադարձից զատ՝ հայկական կողմը որևէ վերաբերմունք արտահայտե՞լ է դրանց կապակցությամբ»,- Radar Armenia-ի հարցին ի պատասխան՝ ՀՀ ԱԳՆ-ից նշել են, որ գերատեսչությունը դժգոհություն է արտահայտել նաև դիվանագիտական խողովակներով. Երևանում ՌԴ դեսպանը կանչվել է ԱԳՆ, նրան հանձնվել է հայտագիր:

«Հաշվի առնելով, որ թեման վստահաբար ՀՀ քաղաքացիների ուշադրության կենտրոնում է և բուռն հանրային քննարկումների առարկա, ՀՀ քաղաքացիներից չենք թաքցնում հայտագրի բովանդակությունը.

«Դրանում խիստ բողոք է արտահայտվել Ռուսաստանի Դաշնության զանգվածային լրատվամիջոցներում Հայաստանի Հանրապետության Կառավարության նկատմամբ ծավալված բացահայտ ոչ բարեկամական, հաճախ թշնամական քարոզչության կապակցությամբ, որն ակտիվորեն սնվում է որոշ պաշտոնյաների, ՌԴ Պետական դումայի պատգամավորների, լրատվամիջոցների և փորձագիտական համայնքի ներկայացուցիչների հայտարարություններով:

Հայտագրում ընդգծվել է, որ Ռուսաստանի պետական հեռուստաալիքներով ուղիղ եթերում հնչող վիրավորական արտահայտությունները և ՀՀ իշխանությունների գործունեության թիրախավորումը բացարձակապես անընդունելի են և հանգեցնում են Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև վերջին շրջանում տեղի ունեցած բարձր մակարդակի այցելությունների դրական արդյունքների չեզոքացման:

Հայտագրում նշվել է, որ ՀՀ իրավապահ մարմինների կողմից պետական հեղաշրջման փորձի կանխման օրինական գործողությունների վերաբերյալ ՌԴ Պետական դումայի առանձին պատգամավորների մեկնաբանություններն ու հայտարարությունները ոչ միայն զարմանք, այլև վրդովմունք են առաջացնում: Համաձայն այդ հայտարարությունների՝ պետական հեղաշրջում պլանավորող անձանց ձերբակալությունը համարվում է «Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից հերթական ոչ բարեկամական քայլ»:

Ըստ այդմ՝ նման հայտարարությունները ոչ միայն անհեթեթ են, քանզի անհասկանալի է, թե ինչպես և ինչու է պետական հեղաշրջման կանխումը համարվում ոչ բարեկամական քայլ, այլև ՀՀ ներքին գործերին կոպտագույն միջամտություն: Ավելին, տպավորություն է ստեղծվում, որ նման տեղեկատվական քաղաքականությունն իրականացվում է նպատակաուղղված կերպով՝ Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարության, օրինականության և սահմանադրական կարգի խաթարման նպատակով»,- ասվում է պատասխանում:

Նախարարությունը ՌԴ գործընկերներին կոչ է արել անհապաղ և գործուն միջոցներ ձեռնարկել Հայաստանի Հանրապետության նկատմամբ վերոնշյալ ոչ բարեկամական դրսևորումները դադարեցնելու համար:

Related posts

«Կրթվելը նորաձև է» նախաձեռնությունը Գյումրիում է

Եպիսկոպոսների ստորագրությամբ հայտարարությունը խայտառակություն է և արձանագրում, որ Կտրիճ Ներսիսյանը հովանավորում է մեր երկրում ահաբեկչությունը. Արայիկ Հարությունյան

20-ամյա զինվորը եկել տուն, 2 ժամ անց գնացել գնումների, հանդիպել ընկերներին․ կեսգիշերին ծնողները իմացել են դաժան լուրը