Արման Սահակյանը՝ «Շիրակ» վերադառնալու ու ակումբի առաջիկա ծրագրերի մասին

Շուրջ եռամյա ընդմիջումից հետո «Շիրակ» ֆուտբոլային ակումբի նախագահի պաշտոնը ստանձնել է գործարար Արման Սահակյանը, որը Գյումրիի թիմը ղեկավարել է նաև 2010-2020 թվականներին։

VNews-ի թղթակցի հետ հարցազրույցում նա ներկայացրել է ակումբի հետագա զարգացման իր տեսլականը, պատմել այս տարվա և տեսանելի ապագայի ծրագրերի մասին։

– Ի՞նչ վիճակում եք ընդունել «Շիրակ» ակումբը։

– Որպես այդպիսին, «Շիրակի» վիճակին ծանոթանալու խնդիր չունեի, թեև 2020 թվականից ակումբի նախագահի պաշտոնը զբաղեցնում էր Տիգրան Վիրաբյանը։ Թիմը, ընդհանուր առմամբ, վատ չանցկացրեց նախորդ մրցաշրջանը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Առաջին խմբից նոր էր վերադարձել Պրեմիեր լիգա։ Հայաստանի առաջնությունում գրավեց 7-րդ տեղը, իսկ գավաթի խաղարկությունում հասավ եզրափակիչ, որում միանգամայն արժանի խաղ ցուցադրեց։ Պետք է նշեմ, որ հիմա «Շիրակը» կայացման փուլում է։ Անցյալ տարի այդ ուղղությամբ աշխատանք կատարվել է՝ թիմը հասել է որոշակի մակարդակի։ Հուսով ենք՝ այս տարի ավելի լավ արդյունքներ կգրանցենք։

– Վերջին 2,5 տարիների ընթացքում ակումբային ենթակառուցվածքները փոփոխություն կրե՞լ են։

– «Շիրակի» ենթակառուցվածքները եթե ոչ լավագույնը, ապա լավագույններից են Հայաստանում։ Ունենք ոչ միայն մարզադաշտ, այլև ակադեմիա ու մարզադաշտին կից հյուրանոց, որը նաև հավաքներ կազմակերպելու հնարավորություն է ընձեռում։ Այնպես որ, այդ առումով առանձնակի խնդիրներ չունենք։

– Ի՞նչ քայլեր եք մտադիր ձեռնարկել ակումբի հետագա զարգացումն ապահովելու համար։ Սպասվո՞ւմ են կադրային և կառուցվածքային փոփոխություններ։

– Էդգար Թորոսյանը շարունակում է մարզել թիմը։ Անցյալ տարվա երկրորդ կեսին նրա կատարած աշխատանքը գնահատում ենք բավարար։ Այնուհանդերձ, «Շիրակում» սպասվում են առանցքային փոփոխություններ. մտադիր ենք խախտել Հայաստանում վերջին տարիներին ձևավորված մոտեցումը և գերազանցապես ապավինել մեր ակադեմիայի սաներին։ Ասպարեզ են դուրս գալու 2013 թվականից գործող «Շիրակի» ակադեմիայի առաջին շրջանավարտները, ինչն անչափ կարևոր ու ոգևորիչ հանգամանք է մեզ համար։ Վստահ եմ՝ նրանք կարդարացնեն մեր սպասելիքները և կհաջողենք այդ ձեռնարկում։

– Այսինքն, մտադիր եք վերականգնե՞լ բացառապես սեփական ուժերին ապավինելու ավանդույթը, որը տարիներ շարունակ «Շիրակի» յուրօրինակ այցեքարտն էր։

– Մեր ակումբն իսկապես երկար տարիներ խաղում էր առանց լեգեոնականների, չուներ նույնիսկ Հայաստանի այլ բնակավայրերից հրավիրված ֆուտբոլիստներ։ Հետագայում այդ մոտեցումն աստիճանաբար փոխվեց և հայտնվեցին առաջին սակավաթիվ հրավիրյալ խաղացողները։ Դրանով հանդերձ, «Շիրակը» միշտ պայքարել է Հայաստանի չեմպիոնի կոչման համար։ Հիմա էլ մեր նպատակը մնացել է անփոփոխ։ Իհարկե, այժմ ունենք լեգեոնականներ, սակայն փորձելու ենք նրանց թիվը պահել խելամիտ սահմաններում և, ինչպես նշեցի, անհրաժեշտ խաղաժամանակ հատկացնել մեր առաջին շրջանավարտներին։ Դա շատ է ոգևորել տեղացի ֆուտբոլիստներին, որոնք, բարեբախտաբար, նաև ընդօրինակման հիանալի ուղենիշ ունեն՝ հանձինս լեհական «Պոգոնում» հանդես եկող Վահան Բիչախչյանի և տարբեր տարիներին եվրոպական ակումբներում իրենց դրսևորած գյումրեցի այլ ֆուտբոլիստների։ Նոր սերունդը վստահ է, որ կարող է անցնել նույն ուղին և «Շիրակից» տեղափոխվել ավելի ուժեղ առաջնություններ։

– Ձեր որոշումը բխո՞ւմ է նաև այն հանգամանքից, որ Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայում պատրաստվում են խստացնել լեգեոնականների թվի սահմանափակումը։

– Հայաստանում նույնիսկ Առաջին խմբի առաջնությունում լեգեոնականների նորմալ սահմանափակում չկա։ Ամբողջ աշխարհում առաջին խմբի առաջնություններում լեգեոնականների սահմանափակում կա, իսկ Հայաստանում անհասկանալի պատճառներով չկա։ Կամ էլ՝ հասկանալի, բայց այդ մասին շատ չեմ ուզում խոսալ։ Ինչևէ, որոշել ենք այս տարվանից ավելի մեծ տեղ հատկացնել մեր ակադեմիայի սաներին, փորձելով առավելագույնս օգտագործել նրանց հնարավորությունները։ Առավել ևս, որ ունենք շատ խոստումնալից և հեռանկարային սերունդ։ Թող անհամեստ չհնչի, բայց վերջին տարիներին «Շիրակի» մանկապատանեկան թիմերն ընդհանուր արդյունքով առաջատար են Հայաստանում։

– Նոր մրցաշրջանում ի՞նչ խնդիր է դրվելու «Շիրակի» առջև։

– «Շիրակը» միշտ էլ լուրջ հավակնություններ ունեցող թիմ է եղել։ Այդ առումով ոչինչ չի փոխվել. սեփական դաշտում անվերապահորեն ձգտելու ենք հաղթանակի, իսկ հյուրընկալվելիս փորձելու ենք առնվազն չպարտվել։ Գլոբալ առումով մեր նպատակն է ձևավորել և ամրապնդել թիմի հիմնական կորիզը, որպեսզի հաջորդ հինգ տարիներին Հայաստանի առաջնությունում հնարավորություն ունենանք պարբերաբար պայքարելու չեմպիոնի կոչման և մրցանակային տեղերի համար։ Շարունակելու ենք անցյալ տարի այդ ուղղությամբ ձեռնարկած քայլերը։

– Ի՞նչ կցանկանայիք ասել «Շիրակի» երկրպագուներին։

– Կարող եմ կոչ անել միայն, որ այցելեն մարզադաշտ։ Ցավոք, այդ առումով կա մի խնդիր, որի մասին պարբերաբար բարձրաձայնում ենք, բայց լուծում չի նշմարվում։ Այն բանից հետո, երբ Հայաստանի առաջնությունը սկսեց անցկացվել աշուն-գարուն մրցակարգով, մեր թիմը, որպես կանոն, ամռանը խաղեր չի անցկացնում սեփական դաշտում։ Գյումրիի պայմաններում այդ փոփոխությունն արդարացված չէ, քանի որ տարվա ամենանպաստավոր եղանակին փաստորեն չենք խաղում ֆուտբոլ։ Հիմա էլ, երբ մեր մարզադաշտն արդեն հավուր պատշաճի լուսավորություն ունի, հանդիպումները նշանակվում են ավելի ուշ ժամի։ Անգամ մայիսին Գյումրիում բավականին ցուրտ է երեկոյան, ինչը, իհարկե, անդրադառնում է խաղերին մեծ թվով հանդիսատեսների ներկա լինելու հանգամանքին։ Ամռանը ստիպված ենք ընկերական խաղեր անցկացնել՝ որոշակի աշխուժություն ապահովելու համար։ Երկրպագուներին կարող եմ ասել միայն, որ այցելեն մարզադաշտ և զինվեն համբերությամբ։ «Շիրակը» վերգտնելու է իր խաղը և դարձյալ պայքարելու է ամենաբարձր տեղերի համար։ Կարծում եմ՝ դրան երկար սպասելու կարիք չի լինի։

Related posts

ՃՏՊ Ազատավան գյուղում. կա տուժած

Աշոցքի ոլորաններում բեռնատարի վրա տեղադրված խցիկը, որում եղել է 4 ավտոմեքենա, պոկվել ու ընկել է

Ամերիկյան կողմի հետ քննարկվում են տարածաշրջանում խաղաղության հաստատմանը նպաստող նախաձեռնություններ. ԱԳՆ խոսնակ