Մայր Աթոռը Հայաստանի տարածքում է, իսկ Հայաստանում իրավապահների քննության համար փակ տարածք չկա. Վահագն Ալեքսանյան

Լրագրողներն այսօր խորհրդարանում հարց ուղղեցին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանին՝ հետաքրքրվելով մամուլում շրջանառվող տեղեկություններից, ըստ որոնց՝ Մայր Աթոռում իրավապահները գործողություններ են պլանավորում իրականացնել:

Պատգամավորը նկատեց՝ եթե այնտեղ կա հանցագործության հետ առնչվող ինչ-որ փաստ, բնականաբար, կարող են լինել, իսկ եթե չկա հանցագործության հետ կապված քննությյան անհրաժեշտություն, բնականաբար պետք չէ, որ լինի:

«Մայր Աթոռը Հայաստանի Հանրապետության տարածքի մեջ է:  ՀՀ-ում իրավապահների քննության համար փակ տարածք չկա»,- ասաց Ալեքսանյանը:

Դիտարկմանը, թե ինչ շարժում է լինելու, որը առաջնորդելու է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատգամավորը ասաց, թե դրա մասին լրացուցիչ կհայտարարվի:

«Այսինքն՝ տեռորիզմն օրհնող ու դրա մեջ մինչև ականջները թաթախված անբարոյականները պետք է դադարեն իրենց ներկայությամբ պղծել մեր եկեղեցին»,- նշեց նա՝ հավելելով, թե միայն այն, որ հոգևորականը կարող է ասել՝ երկու հոգու պատի տա «գյուլլում» ես, ընտանիքին փոխհատուցում ես տալիս, ու ընտանիքը երախտապարտ է լինում, բավական է ասել, որ նրանք իրենց ներկայությամբ պղծում են եկեղեցին:

Լրագրողները հետաքրքրվեցին՝ ինչպես է պատրաստվում շարժումը կաթողիկոսին հանել Մայր Աթոռից, ինչին ի պատասխան՝ նա պարզաբանեց՝ հարցը ոչ թե կաթողիկոսին հանելու մասին է, այլ վեհարանում վեհափառ ունենալու մասին:

«Որովհետև այս պահին վեհարանում վեհափառ չկա: Ես իմ վստահությունն եմ հայտնում, որ ժողովրդի բացարձակ մեծամասնությունը նման անունով մարդու կաթողիկոս չի ճանաչում»,- ընդգծեց Ալեքսանյանը:

Ճշտող հարցին՝ ինչո՞ւ է պատգամավորը նման պնդում անում, Ալեքսանյանը պարզաբանեց՝ իր կարծիքը ձևավորվել է բազմաթիվ քաղաքացիների հետ շփումների ու հազարավոր քաղաքացիների նամակների ու գրառումների հիման վրա:

Related posts

ՀԷՑ-ում և մյուս ընկերություններում իրավապահներն ավարտել են քննչական գործողությունները

Միացյալ Նահանգները կշարունակի զենք ուղարկել Ուկրաինա. Թրամփ

Սարի թաղի բնակչի հողամասում հայտնաբերվել է կանեփի 1335 բույս․ 54-ամյա տղամարդը ձերբակալվել է