Պետական ծառայողների մարտական գործողություններին մասնակցելու ժամանակի հիմնական աշխատավարձը կպահպանվի

Աստղիկ Խաչատրյան 26.05.2021 - 10:59
26.05.2021 - 10:59 դիտում

ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ ընդունեց կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը, որով առաջարկվում է մարտական գործողություններում ընդգրկված պետական պաշտոն կամ պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց համար նախատեսել սոցիալական երաշխիքներ:

«Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ նիստում քվեարկությամբ ստացավ 75 «կողմ», 2 «ձեռնպահ» ձայներ:

Նախագծով որոշակի սոցիալական երաշխիքներ են նախատեսվում որպես կամավորական և զորահավաքային զորակոչի միջոցով մարտական գործողություններում ընդգրկված պետական պաշտոն կամ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց համար: Մասնավորապես, մարտական գործողություններին մասնակցելու ժամանակահատվածում պետական պաշտոն եւ պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձի հիմնական աշխատավարձը պահպանվում է: Նախագծով նախատեսվում է նաև, որ այդ ժամանակահատվածը ներառվի աշխատաժամանակում՝ որպես պարգևատրման իրավունք տվող ժամանակահատված: Այդ ժամանակահատվածում կիսամյակային գնահատականի կամ կատարողականի բացասական գնահատման դեպքում չեն կիրառվի նույն օրենքով նախատեսված սանկցիաները, այսինքն` աշխատավարձի իջեցումը կամ բնականոն աճի կասեցումը:

Սահմանված դրույթները տարածվում են 2020 թվականի սեպտեմբերի 27-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ