Պենտագոնը հաստատել է Լեհաստանում ամերիկյան զորքերի մշտական տեղակայման համար ռազմաբազայի կառուցումը, հայտարարել է փոխվարչապետ և պաշտպանության նախարար Վլադիսլավ Կոսինյակ-Կամիշը։
«Այսօր մենք համաձայնագիր ենք ստորագրել պաշտպանական արդյունաբերության ոլորտում փոխադարձ համագործակցության, մշակումների և համատեղ նախաձեռնությունների մասին։ Ցանկանում ենք, որ լեհ-ամերիկյան ընկերությունների արտադրած ամերիկյան սպառազինության համար վճարվի Եվրոպական միության միջոցներից: Վերջնական որոշումը Սպիտակ տունը կկայացնի դեկտեմբերի սկզբին»,- ասել է նախարարը։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ դիտարկում է Լեհաստանում ամերիկյան ռազմաբազա կառուցելու հնարավորությունը:
Կոսինյակ-Կամիշն էլ հայտնել է Վարշավայի պատրաստակամության մասին՝ ֆինանսավորել իր տարածքում ամերիկյան զորքերի մշտական տեղակայման համար նախատեսված ռազմաբազայի կառուցումը: Ամերիկյան կողմին առաջարկվել է չորս հնարավոր վայր Լեհաստանի արևմուտքում:
