«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի պետական սահմանի անցման կետում Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը ժամանակավորապես վերահսկողություն կիրականացնի, որ Բունդիբուգյո վիրուսը (էբոլա) Հայաստան չներթափանցի։
Նման որոշում կայացվել է կառավարության այսօրվա նիստում։
«2026 թվականի հոկտեմբերի 19-ից 30-ը Երևանում անցկացվելու է Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը (COP17), իսկ հոկտեմբերի 16-ին՝ COP17-ին նախորդող Կենսաբազմազանության առաջնորդների գագաթնաժողովը (Leaders’ Summit on Biodiversity)։ Միջոցառման մասնակիցների ժամանումները նախատեսվում են նաև համաճարակաբանական ռիսկի տեսանկյունից ուշադրություն պահանջող պետություններից և տարածքներից։
Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի կողմից 2026 թվականի օգոստոսի 24-ին հրապարակվել են «Public health emergency of international concern (PHEIC). Epidemic of Ebola Bundibugyo virus disease in the Democratic Republic of the Congo (DRC). Temporary recommendations» ժամանակավոր առաջարկությունները՝ Բունդիբուգյո վիրուսային հիվանդության (Bundibugyo virus disease, BVD) համաճարակի վերաբերյալ։
Նշված փաստաթղթի համաձայն՝ 2026 թվականի օգոստոսի 14-ի դրությամբ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում համայնքային փոխանցման ռիսկը գնահատվել է «շատ բարձր» (Very high), և այդ պահին համայնքային փոխանցում ունեցող պետությունների խմբում ընդգրկված է եղել միայն Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունը։ Միաժամանակ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության հետ ցամաքային սահման ունեցող Անգոլայի, Բուրունդիի, Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետության, Կոնգոյի Հանրապետության, Ռուանդայի, Հարավային Սուդանի, Տանզանիայի, Ուգանդայի և Զամբիայի համար տարածաշրջանային ռիսկը գնահատվել է «բարձր» (High), իսկ մյուս պետությունների համար՝ «ցածր» (Low)։
ԱՀԿ-ի ժամանակավոր առաջարկություններում բոլոր մյուս պետություններին առաջարկվում է ապահովել համայնքային փոխանցում ունեցող տարածքներից ժամանող՝ անհայտ ծագման տենդային հիվանդությամբ ուղևորների հայտնաբերման, գնահատման, հաղորդման և վարման մեխանիզմներ, պետական սահմանի անցման կետերում նման տարածքներից ժամանող անձանց տրամադրել տեղեկություն՝ ժամանումից հետո 21 օրվա ընթացքում BVD-ին համապատասխան ախտանշաններ ի հայտ գալու դեպքում ձեռնարկվելիք քայլերի վերաբերյալ, ինչպես նաև փոխադրողների հետ համագործակցությամբ ապահովել կասկածելի դեպքերի և կոնտակտավորների նույնականացումը։ Միաժամանակ ԱՀԿ-ն չի առաջարկում համայնքային փոխանցում ունեցող պետություններից չվերթների կասեցում կամ այդ պետություններից ժամանող անձանց մուտքի արգելու։
Առկա համաճարակաբանական տվյալների համաձայն՝ Կոնգոյի Ժողովրդավարական Հանրապետությունում շարունակում է պահպանվել անբարենպաստ համաճարակաբանական իրավիճակ․ արձանագրվել է հիվանդության 5,290 հաստատված դեպք, այդ թվում՝ 2,516 մահվան դեպք։ Միաժամանակ, տարածաշրջանի առանձին երկրներում նույնպես արձանագրվել են հիվանդության դեպքեր․ մասնավորապես, Ուգանդայում միայն հիվանդության վերջին դեպքի արձանագրումից հետո 42-օրյա ժամանակահատվածի ավարտին է հայտարարվել Էբոլայի վիրուսային հիվանդության բռնկման ավարտի մասին։ Նշված հանգամանքները վկայում են տարածաշրջանում համաճարակաբանական ռիսկի պահպանման և հիվանդության միջազգային տարածման կանխարգելմանն ուղղված միջոցառումների անհրաժեշտության մասին։
ԱՀԿ նշված առաջարկությունների և ընթացիկ համաճարակաբանական տեղեկատվության համակցված գնահատումը հիմնավորում է ոչ թե համընդհանուր սահմանափակման, այլ ժամանակավոր, նպատակային և ռիսկի վրա հիմնված սանիտարակարանտինային վերահսկողության կիրառումը։ Հաշվի առնելով, որ COP17-ի շրջանակում Հայաստանի Հանրապետություն նախատեսվում են ժամանումներ նաև այն պետություններից և տարածքներից, որոնք Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից՝ ԱՀԿ-ի տվյալների և ընթացիկ համաճարակաբանական իրավիճակի հիման վրա կներառվեն համապատասխան ռիսկային ցանկում, առաջանում է այդ անձանց նկատմամբ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի պետական սահմանի անցման կետում նպատակային վերահսկողություն իրականացնելու անհրաժեշտություն։
Նպատակային սանիտարակարանտինային վերահսկողության շրջանակում առաջնային միջոցառումը համապատասխան անձանց մարմնի ջերմաստիճանի ոչ կոնտակտային չափումն է, իսկ հիվանդության կասկածի կամ համապատասխան ախտանշանների հայտնաբերման դեպքում հետագա միջոցառումներն իրականացվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հունիսի 22-ի N 777-Ն որոշմամբ սահմանված կարգով
Հաշվի առնելով վերոգրյալը՝ առաջարկվում է մինչև հոկտեմբերի 26-ը ներառյալ Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը ժամանակավորապես տեղակայել «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի պետական սահմանի անցման կետում՝ այն ժամանակահատվածներում, որոնցով COP17-ի շրջանակում Հայաստանի Հանրապետություն են ժամանում առողջապահության նախարարության կողմից տրամադրված ցանկում ընդգրկված պետություններից կամ տարածքներից անձինք։
Նախագծի ընդունմամբ կապահովվի COP17-ի շրջանակում Հայաստանի Հանրապետություն ժամանող անձանց հետ կապված՝ BVD-ի ներբերման և տարածման համաճարակաբանական ռիսկերի նկատմամբ ժամանակին և նպատակային արձագանքումը, հնարավոր դեպքերի վաղ հայտնաբերումը, անհրաժեշտության դեպքում կոնտակտների արագ հետագծումը և հանրային առողջության պաշտպանության միջոցառումների օպերատիվ իրականացումը։
