Գրեթե 500 ուկրաինական ԱԹՍ-ներ գրոհել են Մոսկվայի տարածաշրջանը․Սարատովի մարզում հարձակման է ենթարկվել Սբերբանկի տվյալների կենտրոնը

14.10.2026 - 12:14 դիտում

Հոկտեմբերի 13-ի երեկոյից մինչև հոկտեմբերի 14-ի առավոտ Մոսկվայի տարածաշրջանի ուղղությամբ ուկրաինական 493 անօդաչու թռչող սարք է արձակվել։ Այս մասին հայտնել է ՌԴ մայրաքաղաքի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը, գրում է Meduza-ն։ Նրա խոսքով՝ ՀՕՊ ուժերն անօդաչուների մեծ մասը վնասազերծել են հեռավոր մատույցներում։ 180 անօդաչու թռչող սարք ոչնչացվել է Մոսկվային մոտենալիս։ Հարձակման հետևանքով տուժածների կամ ավերածությունների մասին տեղեկություններ չեն հաղորդվում։ Ուկրաինական տելեգրամյան ալիքները հրապարակում են կադրեր, որոնք, ըստ պնդումների, նկարահանվել են Մոսկվայի մարզում։ Դրանցում երևում է, թե ինչպես է «Պանցիր» ՀՕՊ համալիրը թիրախների ուղղությամբ աշխատում անմիջապես ավտոմայրուղուց։ Անօդաչու թռչող սարքեր են հարձակվել նաև Սարատովի մարզի վրա։ Նահանգապետ Ռոման Բուսարգինը հայտնել է, որ Բալակովո քաղաքում վնասվել են մի քանի բնակելի շենքեր, նախնական տեղեկություններով՝ մեկ մարդ զոհվել է։ Ավելի ուշ նա հստակեցրել է, որ «Բալակովոյի բոլոր ենթակառուցվածքային օբյեկտներն աշխատում են բնականոն ռեժիմով»։ Մոնիթորինգային տելեգրամյան ալիքները պնդում են, որ Սարատովի մարզում հարվածներ են հասցվել «Սբերբանկի» МегаЦОД-ին (տվյալների մշակման կենտրոն)։ Բալակովոյում տվյալների մշակման կենտրոնի շինարարությունը սկսվել է 2021 թվականին։ Ռուսաստանի փոխվարչապետ Դմիտրի Չերնիշենկոն խոստացել էր, որ այդ կենտրոնը կդառնա ամենամեծը երկրում։ Բացի այդ, Exilenova+ տելեգրամյան ալիքի հաղորդմամբ՝ հաստատվել է հարվածը «ՄԶ Բալակովո» մետալուրգիական գործարանի արդյունաբերական գոտուն։ Այն մասնագիտացած է պողպատի և գլանվածքի արտադրության մեջ։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ