Տարբերակներից մեկը այն է, որ ՀՀ-ն դառնա ԵՄ անդամ. Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը Radio France International-ին

12.10.2026 - 14:56 դիտում

Հայաստանը Եվրամիության հետ հարաբերությունների երկար պատմություն ունի։ Դեռ 2016 թվականին Հայաստանը և Եվրոպական միությունը ստորագրեցին Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։ Այն, ըստ էության, վերաբերում է մեր համակարգերի մոտարկմանն ու ստանդարտների ներդրմանը։ Այս մասին Radio France International-ին տված հարցազրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Հայաստանը նպատակ ունի անդամակցել ԵՄ-ին։

«2018 թվականից հետո մենք շարունակել ենք մերձեցնել հարաբերությունները Եվրամիության հետ։ 2025 թվականին նույնիսկ ընդունվեց օրենք Հայաստանի՝ Եվրոպական միությանը անդամակցելու գործընթաց սկսելու մասին։ Այդ օրենքն ընդունվեց քաղաքացիական նախաձեռնությամբ»,- նշեց վարչապետը։

«Տարբերակներից մեկն այն է, որ Հայաստանի Հանրապետությունը դառնա Եվրոպական միության անդամ։ Ինչո՞ւ եմ ասում՝ տարբերակներից մեկը։ Որովհետև Եվրոպական միությունը դեռ պետք է որոշում կայացնի իր ընդլայնման քաղաքականության վերաբերյալ։ Միայն անդամակցել ցանկացող երկրի կամ այդ հարցը քննարկող պետության ցանկությունը բավարար չէ։

Այսօր էլ Եվրամիությունում կան տարբեր կարծիքներ՝ պետք է այն ընդլայնվի, թե ոչ։ Հետևաբար այս հարցի պատասխանը նաև դրանից է կախված»,- ասաց նա։

Սակայն, Փաշինյանի խոսքով, Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի ռազմավարական նպատակը այլընտրանքներ ստեղծելն է։

«Մենք երկար ժամանակ ապրել ենք այնպիսի միջավայրում և պայմաններում, որտեղ Հայաստանի Հանրապետությունն ու նրա ժողովուրդը, այդ թվում՝ արտաքին հարաբերություններում, լայն այլընտրանքներ չեն ունեցել։ Մեր խնդիրն այդ այլընտրանքները ստեղծելն է։

Ի վերջո, ցանկացած որոշում կայացվում է կոնկրետ միջավայրում և պայմաններում։ Այլընտրանքներ ձևավորելու մեր նպատակը մեկն է՝ Հայաստանի ժողովուրդը պետք է կարողանա որոշել՝ երկիրը մնա Եվրասիական տնտեսական միության անդամ, դառնա Եվրոպական միության անդամ, թե չլինի ո՛չ ԵՄ-ի, ո՛չ ԵԱՏՄ-ի անդամ։

Միևնույն ժամանակ, մենք ամեն դեպքում շարունակելու ենք բարեփոխել Հայաստանի Հանրապետությունը՝ այն համապատասխանեցնելով Եվրոպական միության ստանդարտներին։ Եթե ինչ-որ պահի Հայաստանը լիարժեք և օբյեկտիվորեն պատրաստ լինի դառնալ ԵՄ անդամ, այդ դեպքում հարցը կրկին կախված կլինի երկու հիմնական սուբյեկտից՝ Եվրամիությունը կցանկանա՞ ընդունել մեզ, և Հայաստանի ժողովուրդը կքվեարկի՞ այդ տարբերակի օգտին։

Նույնիսկ եթե Հայաստանը օբյեկտիվորեն պատրաստ լինի, բայց չդառնա Եվրամիության անդամ, միևնույն է, երկիրը շահած կլինի։ Այդ դեպքում մենք կունենանք պետություն, որը լիարժեք համապատասխանում է Եվրոպական միության ստանդարտներին»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ