COP17-ին առնչվող համաձայնագրի վավերացումը կարևոր է ՀՀ-ի ստանձնած միջազգային պարտավորությունների պատշաճ կատարման տեսանկյունից. Աբիսողոմոնյան

12.10.2026 - 11:56 դիտում

Մեկնարկել է իններորդ գումարման ՀՀ ԱԺ երկրորդ նստաշրջանի արտահերթ նիստը։

Քննարկվում է Կառավարության ներկայացրած՝ «Հայաստանի Հանրապետության կառավարության և Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի քարտուղարության միջև կողմերի համաժողովի 17-րդ հանդիպման, որպես Կարթագենյան արձանագրության կողմերի հանդիպում հանդես եկող կողմերի համաժողովի 12-րդ հանդիպման և որպես Նագոյայի արձանագրության կողմերի հանդիպում հանդես եկող կողմերի համաժողովի 6-րդ հանդիպման անցկացման վերաբերյալ» համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը։

Հիմնական զեկուցող, արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրեց նախագիծը։ Նա նշեց, որ քննարկման է դրվել 2025 թվականի սեպտեմբերի 26-ին Նյու Յորքում ՀՀ շրջակա միջավայրի նախարարի և Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի գործադիր քարտուղարի միջև ստորագրված համաձայնագիրը։

Աբիսողոմոնյանը հիշեցրեց, որ 2024 թվականի հոկտեմբերին Կոլումբիայի Կալի քաղաքում կայացած ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 16-րդ համաժողովում Հայաստանը ընտրվել է 17-րդ համաժողովը հյուրընկալող երկիր և հաջորդ նախագահող։

«Համաժողովը տեղի կունենա Երևանում՝ 2026 թվականի հոկտեմբերի 18-30-ը։ Դրա շրջանակում կանցկացվեն Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը, կենսաանվտանգության հարցերը կարգավորող Կարթագենյան արձանագրության կողմերի 12-րդ հանդիպումը և գենետիկական ռեսուրսների հասանելիության ու դրանց օգտագործումից ստացվող օգուտների արդար և հավասար բաշխման հարցերը կարգավորող Նագոյայի արձանագրության կողմերի 6-րդ հանդիպումը»,- ասաց նա։

Նրա խոսքով՝ համաձայնագիրը սահմանում է ՀՀ կառավարության և կոնվենցիայի քարտուղարության փոխադարձ պարտավորությունները։ Այն վերաբերում է համաժողովի կազմակերպման և անցկացման իրավական, ֆինանսական, վարչական ու կազմակերպչական հարցերին։

Մասնավորապես, համաձայնագրով կարգավորվում են համաժողովի անցկացման վայրի և անհրաժեշտ ենթակառուցվածքների տրամադրումը, տեխնիկական և հաղորդակցման միջոցների ապահովումը, պատվիրակությունների ընդունելությունը և այլ հարցեր։

«Համաձայնագրի վավերացումը կարևոր է առաջին հերթին ՀՀ-ի ստանձնած միջազգային պարտավորությունների պատշաճ կատարման համար։ Այն նաև հնարավորություն է տալիս հստակ կանոնակարգել նման մեծամասշտաբ համաժողովի հյուրընկալման հետ կապված հարցերը»,- ընդգծեց Աբիսողոմոնյանը՝ առաջարկելով վավերացնել այն։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ