Փորձը ցույց է տալիս, որ հաճախ Դաշնակցությունը շատ սպեցիֆիկ մեկնաբանություն ունի ազգային շահին. Ռուբեն Ռուբինյանի արձագանքը Քրիստինե Վարդանյանի ելույթին

15.09.2026 - 16:12 դիտում

Պարո՛ն Եղոյան, պետք է խոստովանեմ, որ ձեր այսօրվա ելույթի ոճը ինձ էլ մի փոքր դուր չեկավ, որովհետև այն օբյեկտիվորեն կարող էր հնչել որպես չափազանց ագրեսիվ, բայց բովանդակությանը, բնականաբար, համաձայն եմ: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 15-ի նիստում, հայտարարեց ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ անդրադառնալով ՔՊ խմբակցության անդամ Արման Եղոյանի ելույթին: 

«Կարելի էր այլ ձև ձևակերպել: Ոչ թե, օրինակ, որ տիկին Վարդանյանը («Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյան) պետք է լինի վերջին դաշնակցականը, այլ տիկին Վարդանյանը պետք է լինի վերջին դաշնակցականը, որը վերջապես կընդունի Իրական Հայաստանի հայեցակարգը և հրաժեշտ կտա Հայաստանի համար վնասակար դաշնակցական գաղափարներին, օրինակ, բայց նաև կարող է լինել առաջինը»,- ասաց Ռուբինյանը:

Նրա խոսքով՝ այսօրվա բանավեճը կարծես երկու բառի շուրջ է:

«Մենք ասում ենք՝ թող մեր նախարարները երդվեն «հանուն Հայաստանի Հանրապետության», մեր ընդդիմադիր գործընկերներն էլ ասում են՝ բայց ինչի ոչ՝ հանուն «հայրենիքի»: Ու թվում է, թե տրիվիալ բանավեճ է, էս ինչի՞ հետևից ենք ընկել, բայց խոր բան կա սրանում, հարգելի՛ գործընկերներ: 

Մեր ընդդիմադիր գործընկերներն ասում են՝ ինչի գրած չի՝ «հանուն համազգային շահի» և էսպես շարունակ: Որովհետև փորձը ցույց է տալիս, որ հաճախ Դաշնակցությունը շատ սպեցիֆիկ մեկնաբանություն ունի ազգային շահին»,- հայտարարեց ԱԺ նախագահը՝ դարձյալ անդրադարձ կատարելով Դաշնակցության 004 շրջաբերականին:

Նրա խոսքով՝ իրենք այդ փոփոխությունն անում են, որովհետև հանկարծ մի օր Դաշնակցությունը չգա իշխանության ու ասի՝ երդվել եմ հանուն համազգային շահի, ինչը, օրինակ՝ նշանակում է՝ ՀՀ անկախությունը պետք է մատաղ անել, ՀՀ-ն էլ մտցնել այլ պետության կազմ՝ որպես ինքնավար միավոր:

«Կարող է սա խելագար ձև հնչել, բայց էդքան էլ խելագար չի: Ձեր շրջաբերականի մեջ եք սենց պատրաստակամություն հայտնել: Տիկի՛ն Վարդանյան, նենց եք ասում՝ նեոբոլշևիկ եք, է, բոլշևիկները ձեր կոալիցիոն գործընկերներն են և ձեր թիմակիցները, ի դեպ: Հարգարժա՛ն «Ուժեղ Հայաստան», ուզում եմ հիշեցնել, որ այժմ Գյումրին ղեկավարվում է բոլշևիկների կողմից:

Բոլշևիկյան կուսակցությունը, նույն ինքը՝ Կոմունիստական կուսակցությունը, որի թեկնածուն Գյումրիում քաղաքապետ է, և որը «Ուժեղ Հայաստանի» թիմի անդամ է, ինչպես երեկ խոստովանեց Ռուբեն Մխիթարյանը («Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր), ձեր թիմակիցներն են: Դաշնակցությունն էլ պաշտպանում էր բոլշևիկներին: Եկել, մեզ ասում եք՝ բոլշևիկ եք, դուք էլ դաշնակցական եք»,- հայտարարեց Ռուբինյանը: 

Հիշեցնենք՝ Քրիստինե Վարդանյանը, արձագանքելով ՔՊ-ական Արման Եղոյանի ելույթին, շնորհակալություն էր հայտնել նրան «անկեղծ ելույթի» համար: Նա, մասնավորապես, հակադարձելով Եղոյանին, ասել էր՝ որքան պայքարեն Դաշնակցության դեմ, այնքան կուսակցությունը ուժեղանալու է: 

«Դուք այս ամբիոնից բառացիորեն և տառացիորեն ունեցաք ֆաշիստական ելույթ: Ես մի տերմին եմ մտածել ձեզ համար, որը, կարծում եմ, ամենալավն է ձեզ բնութագրում. դուք երիտբոլշիևկներ եք: Դուք ունեք նույն թիրախները, ինչ երիտթուրքերը, և նույն գործիքակազմը, ինչ բոլշևիկյան մտածողությունը»,- հայտարարել էր ընդդիմադիր պատգամավորը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ