Ռուսաստանի թիրախների դեմ Ուկրաինայի զինված ուժերի հարձակումները Ռուսաստանի օդային տարածքը վտանգավոր են դարձնում։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին:
«Այսօր մենք ուզում ենք զգուշացնել Ռուսաստանի օդային տարածքն օգտագործող բոլոր ավիաընկերություններին, բոլոր ապահովագրողներին և բոլոր նրանց, ովքեր շարունակում են օգտագործել ռուսական հիմնական օդանավակայանները. Ռուսաստանի երկինքը դառնում է լիովին անապահով»,- ընդգծել է Ուկրաինայի ղեկավարը։ Նա հավելել է, որ «Ռուսաստանի երկնքում կլինեն անօդաչու թռչող սարքեր, և դա պետք է հաշվի առնել»։
«Չնայած Ռուսաստանի իշխանություններն այդ մասին պատշաճ չեն հայտնում, բայց ռուսական երկինքը դե ֆակտո կփակվի»,- ասել է Զելենսկին ու նշել, որ «Ուկրաինան սպառնալիք չի ներկայացնում քաղաքացիական ավիացիայի համար»:
Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի երկինքը փակելու մասին Զելենսկու խոսքերն անվանել է «պետական ահաբեկչություն»։ «Նրանք անձնական հանդիպումներ են խնդրում, բայց ահաբեկիչների հետ բանակցություններ չեն վարում: Մենք կգտնենք միջոցներ, թե ինչպես պատասխանել դրան, կգտնենք անհրաժեշտ գործիքներ»,- եզրափակել է ՌԴ նախագահը:
