Մենք թափանցիկ, հրապարակային մեր դիրքորոշումներն ենք արտահայտում, հարգում ենք ուրիշների դիրքորոշումները և հարգանք ենք ակնկալում մեր դիրքորոշումների վերաբերյալ: Այդ մասին Կառավարության նիստից հետո ճեպազրույցի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ՌԴ պաշտոնյաների կողմից հնչեցվող՝ Հայաստանի վերաբերյալ հայտարարություններին:
«Պետդումայի հետ կապված հայտարարությանը մեր ԱԺ-ից արձագանք հնչել է, ես ավելացնելու բան չունեմ: ՀԱՊԿ-ի հետ կապված՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը փաստերն է արձանագրել, ես արձագանքելու բան չունեմ»,- նշեց նա:
Նախօրեին ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը լրագրողների հետ զրույցում արձագանքել էր ՌԴ Պետդումայի նախագահի հայտարարությանը: Մասնավորապես, Վյաչեսլավ Վոլոդինն ասել էր, թե Հայաստանը ցինիկաբար օգտվում է ԵԱՏՄ-ի առավելություններից, սակայն միաժամանակ դեպի ԵՄ քայլեր է անում: ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանի խոսքով՝ Հայաստանը շահագրգռված է Ռուսաստանի հետ նորմալ, բարիդրացիական և բարեկամական հարաբերություններ ունենալու հարցում, սակայն հայկական տնտեսվարողների նկատմամբ կիրառվող սահմանափակումները չեն համապատասխանում այդ հարաբերությունների ոգուն։ Նրա խոսքով՝ հայկական տնտեսվարողների նկատմամբ կիրառվող սահմանափակումները չեն համապատասխանում նաև Եվրասիական տնտեսական միության կանոններին, քանի որ ԵԱՏՄ-ի գոյության իմաստը ապրանքների ազատ և անմաքս շարժն է։
Անդրադառնալով Եվրամիության անդամակցության հարցին՝ Ռուբինյանը նշել էր, որ ԵՄ անդամակցության վերաբերյալ հանրաքվե հնարավոր կլինի անցկացնել, երբ Հայաստանը դիմի ԵՄ անդամակցության համար, ստանա համապատասխան արձագանք և ավելի հստակություն՝ հետագա քայլերի ու դրանց ժամանակային շրջանակների վերաբերյալ։
