«Առաջին հայցով Դատախազությունը պահանջել էր անվավեր ճանաչել «Ֆիրմա Նյու» ՍՊԸ-ին պատկանող՝ Առինջ մոլի հողատարածքի վերաբերյալ 2015 թվականի հոկտեմբերի 4-ի՝ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում գտնվող և օտարման ոչ ենթակա 3,5 հա մակերեսով հողամասի աճուրդը: Պահանջվել էր նաև անվավեր ճանաչել Գագիկ Ծառուկյանի և «Ֆիրմա Նյու» ՍՊԸ-ի միջև 2025 թվականի հոկտեմբերի 2-ին կնքված՝ ընկերության կանոնադրական կապիտալում որպես ոչ դրամային ավանդ անշարժ գույք ներդնելու մասին պայմանագիրը։
Հակակոռուպցիոն դատարանի՝ 2026 թվականի օգոստոսի 19-ի որոշմամբ, հայցադիմումն ընդունվել է վարույթ:
Նույն օրը դատարանը բավարարել է հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ Դատախազության միջնորդությունը. «Ֆիրմա Նյու» ՍՊԸ-ին արգելվել է Կոտայքի մարզի Աբովյան համայնքի Առինջ գյուղում գտնվող 3,5 հա հողամասի նկատմամբ կատարել որևէ գործողություն։
Երկրորդ հայցով Դատախազությունը պահանջել էր անվավեր ճանաչել Գագիկ և Ջավահիր Ծառուկյանների՝ Կոտայքի մարզի Առինջ գյուղում գտնվող առանձնատան հողատարածքի վերաբերյալ 2003 թվականի հունվարի 26-ի՝ 14,176 հա մակերեսով հողամասի աճուրդը, ինչպես նաև Արամիկ Սեդրակյանի, Գայանե Սեդրակյանի և Գագիկ Ծառուկյանի միջև 2003 թվականի փետրվարի 15-ին կնքված՝ 12,566 հա մակերեսով անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը և Արամիկ Սեդրակյանի ու Գագիկ Ծառուկյանի միջև 2013 թվականի մարտի 14-ին կնքված՝ 1,61 հա մակերեսով անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը՝ կիրառելով անվավերության հետևանքներ։
Հակակոռուպցիոն դատարանի՝ 2026 թվականի օգոստոսի 19-ի որոշմամբ, այս հայցադիմումը ևս ընդունվել է վարույթ:
Նույն օրը դատարանը բավարարել է հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ Դատախազության միջնորդությունը. Գագիկ Ծառուկյանին և Ջավահիր Ծառուկյանին արգելվել է որևէ գործողություն կատարել վերոնշյալ հասցեներում գտնվող՝ 12,566 հա և 1,61 հա մակերեսով անշարժ գույքերի նկատմամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ։
