Այսօր ձերբակալված անձանց նկատմամբ կալանքի միջնորդություններ են ներկայացվել Հակակոռուպցիոն դատարան. Ռոբերտ Քոչարյանը դատարան կներկայացվի բժշկական հետազոտություններից հետո

Աստղիկ Խաչատրյան 25.08.2026 - 20:30
25.08.2026 - 20:30 դիտում

Հակակոռուպցիոն կոմիտեից 1lurer.am-ին հայտնեցին, որ կալանքը որպես խափանման միջոց դատարան միջնորդություն ներկայացնելու նպատակով ձերբակալված Ռ.Ք.-ին մեղադրանք է ներկայացվել պաշտոնեական լիազորությունների չարաշահման, առանձնապես խոշոր չափերի փողերի լվացման և առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու համար:

Նույն քրեական վարույթի շրջանակում ձերբակալված Ս.Ք.-ին մեղադրանք է ներկայացվել առանձնապես խոշոր չափերի փողերի լվացման, ինչպես նաև պաշտոնեական լիազորությունների չարաշահմանն ու առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալուն օժանդակելու համար:

Առանձնապես խոշոր չափերի փողերի լվացման, պաշտոնեական լիազորությունների չարաշահման և առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու դեպքերի առթիվ Հակակոռուպցիոն կոմիտեում իրականացվող քրեական վարույթով այսօր ձերբակալված 6 անձանց, այդ թվում՝ նախկին նախագահի որդու, ինչպես նաև 1999-2009թթ. ընթացքում կառավարական առանձնատների տնտեսության տնօրեն Ա.Ո.-ի և նրա ընտանիքի անդամների նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություններ են ներկայացվել Հակակոռուպցիոն դատարան, իսկ ձերբակալված նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը դատարան կներկայացվի անհրաժեշտ բժշկական հետազոտություններ անցնելուց հետո։

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը և նրա որդին՝ Սեդրակ Քոչարյանը, Հակակոռուպցիոն կոմիտե են տեղափոխվել: Կոմիտեն կադրեր է հրապարակել:

Ավելի ուշ Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել է, որ ձերբակալվել է 6 անձ, ինչպես նաև՝ թե որ գործի շրջանակներում են ձերբակալությունները:
Ինչպես հայտնել ենք, Ռոբերտ Քոչարյանին Հակակոռուպցիոն կոմիտեից շտապօգնության մեքենայով տեղափոխել են հիվանդանոց:
Ձերբակալված Ռոբերտ Քոչարյանի ինքնազգացողությունը վատացել է. արձանագրվել է զարկերակային բարձր ճնշում, ինչի պատճառով հրավիրվել է շտապօգնություն, և հետագա հետազոտության նպատակով Քոչարյանը տեղափոխվել է ԲԿ:
Հիշեցնենք՝ ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպքերի առթիվ քննվող քրեական վարույթներով օգոստոսի 25-ին միաժամանակյա խուզարկություններ են կատարվել տնտեսվարողների գործունեության և բնակության ընդհանուր թվով 17 հասցեներում, որոնց արդյունքում հայտնաբերվել և վերցվել են քրեական վարույթների համար նշանակություն ունեցող փաստաթղթեր և առարկաներ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից:

Տնտեսվարող սուբյեկտների գործունեության հասցեները ապացուցողական և վարութային գործողություններ իրականացնելու նպատակով ՀՀ քրեական դատավարության օրենսդրությամբ սահմանված կարգով կապարակնքվել են:

Հանցանքների կատարումը վկայող փաստերի հիման վրա ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության քննիչների կողմից միջնորդություններ են ներկայացվել հսկող դատախազին՝ տնօրեններ Ի.Հ.-ի, Ա.Ա.-ի, Կ.Ա.-ի և նախկին տնօրեն Հ.Մ.-ի նկատմամբ Քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին, որոնք բավարարվել են:

Վերջիններս ձերբակալվել են: Նրանց նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություններ են ներկայացվելու դատարան:

Հիշեցնենք նաև՝ դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել ևս 9 անձի նկատմամբ, որոնց թվում են՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդի Սեդրակ Քոչարյանը, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սերժ Սարգսյանը, ՀՀ նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանը, Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը, «Լոկալ Դիվելոփըրզ» ՍՊ ընկերության մասնակից Սամվել Մայրապետյանը, ինչպես նաև Կոնդի առանձնատների տնտեսության տնօրենի պաշտոնը զբաղեցրած և շինարարական գործունեություն իրականացնող «Այգեձոր» ՍՊԸ-ն ղեկավարած Ա.Ո.-ն., Ա.Ո.-ի կինն ու երկու դուստրերը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ