Այդ մասին ասաց Ազգային ժողովի նախագահի տեղակալի թեկնածու Հայկ Կոնջորյանը՝ անդրադառնալով «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Հարություն Մնացակայանի հարցին, թե 2015-2016 թվականների արդարության մարտիկ Հայկ Կոնջորյանն ինչ մեկնաբանություն կտար, եթե տեսներ 10 տարի հետո՝ 2026-ին, ԱԺ փոխնախագահի թեկնածու Հայկ Կոնջորյանի մասին, որի մասին մոտ 10 օր ամբողջ լրատվականներում սկանդալային նյութերից բացի՝ այլ նյութեր չկան:
«Եթե ուշադիր նայեք այդ պատմություններին, դրանց մեջ վիթխարի քանակությամբ ֆեյք նյուզ գոյություն ունի, չեմ կարող հասցնել մի քանի րոպեների ընթացքում ֆեյք նյուզերին անդրադառնալ»,- ասաց նա:
Ճշտող հարցին՝ ուզում եք ասել, որ այն, ինչ լրատվականներում գրվում է, ամբողջությամբ ֆե՞յք է, Կոնջորյանը պատասխանեց. «Ինձ համար դատապարտելի է ցանկացած տեսակի բռնություն՝ ֆիզիկական, հոգեբանական, ցանկացած տիպի բռնություն ինձ համար դատապարտելի է, և այդ հարցի վերաբերյալ կա հարուցված քրեական գործ: Վստահ եմ, որ պատասխանատվություն են կրելու այդ մարդիկ»:
Հիշեցնենք՝ Հայկ Կոնջորյանի եղբորը ծեծի ենթարկելու դեպքի առիթով նախաձեռնվել է քրեական վարույթ, 5 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում: Ծեծի համար մեղադրվողներից Նաիրի Հակոբյանը Աբովյանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ է:
