ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով Նիկոլ Փաշինյանը նշանակվել է ՀՀ վարչապետ:
«Հիմք ընդունելով Սահմանադրության 149-րդ հոդվածի 1-ին մասը՝ Նիկոլ Փաշինյանին նշանակել վարչապետ»,- ասվում է հրամանագրի տեքստում:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ավելի վաղ տեսանյութ էր հրապարակել՝ հայտնելով, որ Սահմանադրության 158-րդ հոդվածի համաձայն՝ նորընտիր Ազգային ժողովի առաջին նստաշրջանի օրը Կառավարությունը հրաժարական է ներկայացնում:
Նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել՝ ընդունելով Կառավարութան հրաժարականը։
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որպես Ազգային ժողովում խորհրդարանական մեծամասնություն ձևավորած քաղաքական ուժ, առաջնորդվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 149-րդ հոդվածով, Հանրապետության նախագահին էր ներկայացրել վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի թեկնածության առաջադրման վերաբերյալ անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթը՝ Սահմանադրությամբ նախատեսված վարչապետի նշանակման ընթացակարգն ապահովելու նպատակով։
