Ազգային ժողովի 9-րդ գումարման ժամանակ՝ ԱԺ նախագահի ընտրության հարցի շրջանակում, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը, ի շարունակություն պատգամավոր Ագնեսա Խամոյանի՝ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման վերաբերյալ հարցի, նկատեց՝ Թուրքիան հարաբերությունների կարգավորման ընթացքում առաջ է քաշել նախապայմաններ:
Ռուբինյանը, համաձայնելով պատգամավորի հետ, որ Թուրքիայից այս ընթացքում հնչել ու երբեմն հնչում են հայտարարություններ՝ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը փոխկապակցելով այլ գործընթացների հետ, ասաց․
«Ես կարծում եմ, որ իրականում Հայաստան-Ադրբեջան գործընթացը հիմա ավելի առաջ է, քան Հայաստան-Թուրքիա գործընթացը, որովհետև Հայաստան-Ադրբեջան գործընթացում, օրինակ՝ ավելի շուտ ադրբեջանական կողմը հանեց սահմանափակումները Հայաստանից երկաթուղային տրանզիտի, քան Թուրքիան: Թուրքիան էլ հանեց: Կամ Հայաստանի ու Ադրբեջանի միջև հիմա ուղիղ առևտուր կա, նկատի ունեմ՝ նավթամթերքի: Ես կարծում եմ՝ ժամանակն է, որպեսզի Թուրքիայի կողմից լինի առավել ակտիվ առաջընթաց Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում: Դա վաղուց հասունացած է, և ես չգիտեմ պատճառը և չեմ կարող մատնանշել, թե ինչու պիտի Հայաստանն ու Թուրքիան հենց վաղը չունենան դիվանագիտական հարաբերություններ, և թե ինչու հենց վաղը Հայաստան-Թուրքիա սահմանը բաց չլինի:
Արդյոք գործընթացը գնացե՞լ է այն արագությամբ, որ ես կուզեի տեսնել: Ոչ, ես կուզեի տեսնել, որ գործընթացն ավարտված լիներ տարիներ առաջ, բայց համաձայնեք, որ Հայաստան-Թուրքիա գործընթացը բարդ գործընթաց է եղել, և, ըստ էության, Հայաստանի անկախության առաջին տարիներից սկսած՝ բոլոր իշխանությունները փորձել են այդ գործընթացը պսակել հաջողությամբ»:
ՀՀ ԱԺ նախագահի թեկնածուն, սակայն, վստահություն հայտնեց, որ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների լիակատար կարգավորումը ժամանակի հարց է, և կարգավորումը շատ մոտ է:
