Բայրամովը՝ սահմանազատման գործընթացի և խաղաղության համաձայնագրի մասին

9.07.2026 - 10:41 դիտում

Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման գործընթացում դրական միտումներ են նկատվում՝ հայտարարել է Ջեյհուն Բայրամովը:

Ադրբեջանի արտգործնախարարի խոսքով՝ սահմանազատման աշխատանքները շարունակվում են հատուկ ստեղծված երկկողմ հանձնաժողովի գործունեության շրջանակում, և աշխատանքները տարվում են մշտական հիմունքներով: Արդեն իսկ գրանցվել են առաջին դրական արդյունքները, մասնավորապես, կողմերն ավարտել են պետական սահմանի շուրջ 13 կմ-ի սահմանազատումը։

Բայրամովը տեղեկացրել է, որ կողմերի միջև ձեռք են բերվել որոշակի պայմանավորվածություններ, որոնց համաձայն՝ սահմանազատման գործընթացը կշարունակվի հյուսիսից հարավ: Նա նաև ընդգծել է, որ սահմանազատման գործընթացի շրջանակում անկլավների հարցը ևս լուծում կգտնի:

Դիվանագետը հավելել է, որ ադրբեջանական կողմն արդեն ավարտել է բոլոր անհրաժեշտ ընթացակարգերը՝ Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի վերջնական նախապատրաստման հետ կապված:

Անդրադառնալով TRIPP-ին՝ Բայրամովը նշել է, որ ամերիկյան գործընկերները Բաքվին տեղեկացնում են նախագծի ընթացքի մասին։ «Այդ նախագծին աջակցում է ԱՄՆ-ը։ Բանակցություններն ընթանում են ԱՄՆ-ի և Հայաստանի միջև։ Սակայն TRIPP-ի մուտքն ու ելքը Ադրբեջանի տարածքից են։ Մեզ հայտնել են, որ ընթանում է փաստաթղթերի պատրաստման փուլը»,- ասել է Ադրբեջանի ԱԳ նախարարը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ