ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը զգուշացրել է Իրանին, որ Միացյալ Նահանգները չորեքշաբթի գիշերը, հավանաբար, լրացուցիչ հարվածներ կհասցնի՝ նախորդ օրը տեղի ունեցած հարձակումներից հետո։ Այս մասին Թրամփը լրագրողներին ասել է Թուրքիայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում, հաղորդում է Reuters-ը:
Իրավիճակը սրվել է Հորմուզի նեղուցում տանկերների վրա իրանական հարձակումների պատճառով: Ամերիկյան զորքերը պատասխան հարվածներ են հասցրել իրանական թիրախներին, Իրանն էլ, իր հերթին, հարվածել է Բահրեյնում և Քուվեյթում ամերիկյան ռազմական օբյեկտներին:
Անկարայում լրագրողների հետ նախորդ մեկնաբանություններում Թրամփն ասել է, որ փոխըմբռնման հուշագիրը, որը ծառայել է որպես ԱՄՆ-ի և Իրանի միջև հրադադարի նախնական համաձայնագիր, «ավարտվել է»:
Այնուամենայնիվ, նա ուղղակիորեն չի ասել, արդյոք Վաշինգտոնը կվերադառնա լայնամասշտաբ պատերազմի, և դեռ պարզ էլ չէ՝ արդյոք երկու կողմի միջև բանակցությունները կշարունակվեն հրադադարը մշտական համաձայնագրի վերածելու համար՝ գրում է Reuters-ը:
«Ես չգիտեմ՝ մենք համաձայնության կհասնենք, թե ոչ։ Մենք կարող ենք դա անել առանց համաձայնագրի»,- ասել է Թրամփը:
Լրատվականը նշել է, որ ռազմական գործողությունների սրման արդյունքում կտրուկ բարձրացել են նավթի գները, ուժեղացել են Հորմուզի նեղուցի շրջանում անվտանգության հետ կապված մտահոգությունները. նավագնացության տվյալները ցույց են տալիս, որ առնվազն չորս նավթագազային տանկեր չի շարունակել անցումն այդ ջրային ուղով:
