Երախտապարտ ենք Հայաստանի ժողովրդին, կառավարությանը համագործակցության համար. ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար

2.07.2026 - 15:22 դիտում

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն Ամերիկայի Միացյալ Նահանգների անկախության 250-ամյակի կապակցությամբ ընդունել է Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենին:

Նախագահ Խաչատուրյանը շնորհավորել է Դեյվիդ Ալենին Ամերիկայի Միացյալ Նահանգների ազգային տոնի՝ Անկախության 250-ամյակի առթիվ՝ խնդրելով իր բարեմաղթանքները փոխանցել ԱՄՆ ղեկավարությանը և բարեկամ ամերիկացի ժողովրդին։

«Շնորհավորում եմ ձեզ Անկախության օրվա կապակցությամբ։ Մաղթում եմ խաղաղություն, բարօրություն և նորանոր նախաձեռնություններ՝ հանուն մարդկության զարգացման և ժողովուրդների բարեկեցության»,- ասել է Հանրապետության նախագահը։

Հանրապետության նախագահը նշել է, որ Հայաստանի Հանրապետությունը բարձր է գնահատում Միացյալ Նահանգների հետ ձևավորված գործընկերությունը, որը վերջին տարիներին հետևողականորեն ընդլայնվում է՝ ընդգրկելով փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ ոլորտներ։

Դեյվիդ Ալենը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար:

«Ինձ համար մեծ պատիվ է այսօր այստեղ լինել։ Անկեղծ շնորհակալություն եմ հայտնում շնորհավորանքի և ջերմ խոսքերի համար։ Դրանք մեզ համար մեծ նշանակություն ունեն, հատկապես երբ հնչում են վստահելի ընկերոջ և գործընկերոջ կողմից։ Մենք բարձր ենք գնահատում ձեր բարեմաղթանքներն ու մեր միջև ձևավորված սերտ համագործակցությունը։

Երախտապարտ ենք Հայաստանի ժողովրդին, կառավարությանը համագործակցության համար: Բոլոր այն մարդկանց, որոնց հետ աշխատում ենք ընդունում ենք ոչ միայն որպես գործընկերների, այլև իսկական բարեկամների։

Անցած տարիների ընթացքում մենք միասին իրապես մեծ և արդյունավետ աշխատանք ենք իրականացրել»,- ասել է նա՝ հավելելով, որ առաջիկայում ևս կշարունակեն նույն ոգով զարգացնել համագործակցությունը՝ ի նպաստ երկու երկրների և ժողովուրդների։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-ԱՄՆ հարաբերությունների օրակարգային հարցերը։ Երկուստեք գոհունակությամբ արձանագրվել է, որ երկու երկրների համագործակցությունը շարունակում է դինամիկ զարգանալ՝ հիմնված ժողովրդավարական արժեքների, փոխադարձ վստահության և երկարաժամկետ գործընկերության վրա։ Կարևորվել է համատեղ նախաձեռնությունների և ծրագրերի հետևողական իրականացումը՝ ուղղված Հայաստանի տնտեսական զարգացմանը, ինստիտուցիոնալ կարողությունների ամրապնդմանը և բարեփոխումների առաջմղմանը։

Զրուցակիցները հատուկ անդրադարձ են կատարել TRIPP ծրագրին՝ ընդգծելով դրա կարևոր նշանակությունը Հայաստանի ենթակառուցվածքների արդիականացման, տնտեսական կապերի խորացման և ներդրումային միջավայրի զարգացման տեսանկյունից։ Նշվել է, որ նման նախաձեռնությունները նպաստում են Հայաստանի մրցունակության բարձրացմանը և նոր հնարավորությունների ստեղծմանը։

Հանդիպման ընթացքում բարձր է գնահատվել Միացյալ Նահանգների շարունակական աջակցությունը Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների կայացմանն ու զարգացմանը, օրենքի գերակայության ամրապնդմանը, արդյունավետ պետական կառավարման և բարեփոխումների գործընթացին։

Անդրադառնալով տարածաշրջանային զարգացումներին՝ Հանրապետության նախագահը կարևորել է Միացյալ Նահանգների դերակատարությունը Հարավային Կովկասում կայունության և տևական խաղաղության հաստատման գործում։ Այս համատեքստում ընդգծվել է նաև 2025 թվականի օգոստոսի 8-ի ձեռք բերված համաձայնությունների և պայմանավորվածությունների նշանակությունը՝ որպես տարածաշրջանում խաղաղության և համագործակցության ամրապնդման կարևոր հիմք։

Զրույցի ընթացքում կարևորվել է նաև բարձր տեխնոլոգիաների, տնտեսության, էներգետիկայի, կրթության և նորարարության, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում համագործակցության շարունակական ընդլայնումը։ Երկուստեք վերահաստատվել է պատրաստակամությունը՝ զարգացնելու Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերությունը՝ ի շահ երկու երկրների ժողովուրդների և տարածաշրջանային խաղաղության ու բարօրության։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ