Ես քաղաքականությունից չեմ հեռանալու, քաղաքականության էջը չեմ փակում. Ալեն Սիմոնյան

2.07.2026 - 15:11 դիտում

Ես ոչ մի բանի համար չեմ ափսոսում, ընդհանրապես կյանքի ընթացքում ոչ մի բանի համար չեմ ափսոսում, եղել են ծանր օրեր, եղել են անձնական ծանր իրավիճակներ, բայց դա այն է, ինչ կառուցել է Ալեն Սիմոնյանին. ես այստեղ կանգնած չէի լինի, այս դահլիճը չէի կարողանա բացել, և դուք ինձ այդ հարցը չէիք տա, եթե ես էդ ճանապարհը չանցնեի, ուստի ես որևիցե բանի համար չեմ ափսոսում։ Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

Լրագրողներից մեկի հարցին՝ ի՞նչը չի ներվել նրան, Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Այո, կա այդպիսի տրամաբանություն, այդպիսի դեպքերը պատմության մեջ շատ են, բայց իմ հարաբերությունը, իմ վերաբերմունքը, իմ նվիրվածությունը իմ որոշումն է, իմ տեսակն է, և ես ասել եմ ու նորից եմ կրկնում՝ իմ քաղաքական գործունեությունը Նիկոլ Փաշինյանի քաղաքական գործունեության հետ համատեղ գործունեություն է, ես չեմ տարանջատում, չեմ տարանջատել ինձ որևիցե դեպքում»:

Նրա խոսքով՝ ինքը շարունակելու է պաշտպանել իմ թիմին, այն գաղափարները, այն սկզբունքները, որ ինքն ունի:

«Դա պատիժ չէր, ես իմ ծառայությունը կատարեցի, ես լա՛վ կատարեցի իմ ծառայությունը, ես, այսպես ասած, պարզ ճակատով եմ ավարտում էս փուլը։ Կապրենք, կտեսնենք, թե հետագայում ինչ կլինի։ Չեմ բացառում, որ կարող է մոտակա, չգիտեմ, ինչ-որ ժամանակահատվածում ընդհանրապես որևիցե քաղաքական պաշտոնով զբաղված չլինեմ, բայց մի՛ մտցրեք դա ինչ-որ անձնական դաշտ, նեղացվածություն, թե տեսաք, վարչության նիստին չգնաց։ Անձնական առիթ ունեի, վարչության նիստին չէի գնացել»,- նշեց Սիմոնյանը:

Նրա խոսքով՝ ինքը շարունակելու է ակտիվ քաղաքական գործիչ լինելը:

«Ես քաղաքականությունից չեմ հեռանալու, քաղաքականության էջը չեմ փակում։ Կմտածենք, կտեսնենք, թե ոնց կլինի, ինչ կլինի, իսկ ինչ արել եմ, չեմ, չեմ ափսոսում»,- ընդգծեց ԱԺ նախագահը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ