Մեկնարկել է ԱԺ արտահերթ նիստը. ՆԳ նախարարը ներկայացրեց քննարկվելիք նախագծերը

2.07.2026 - 12:56 դիտում

Կառավարության նախաձեռնությամբ այսօր հրավիրվել է արտահերթ նստաշրջան: Այս մասին այսօր՝ հուլիսի 2-ին, հայտարարեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը տեղեկացրեց՝ արտահերթ նստաշրջանի օրակարգում ներառվել է 44 նախագիծ, սակայն որպես նախաձեռնողի ներկայացուցիչ՝ անդրադարձավ միայն այն նախագծերին, որոնք առաջարկվել է քննարկել հատուկ, այն է՝ 24-ժամյա ընթացակարգով:

Այսպես, «Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում և Հանրաքվեի մասին օրենքում վերանայումներ նախատեսող օրինագծերով ներդրվում է բնակության ցենզ ընտրությանը, քվեարկությանը մասնակցելու իրավունքի իրացման համար:

ՆԳ նախարարի խոսքով՝ նախագծերի ընդունմամբ կապահովվի ժողովրդաիշխանության իրականացման համակարգային միասնականությունը՝ երաշխավորելով ժողովրդավարական կառավարմանն այն քաղաքացիների մասնակցությունը, որոնց կապը պետության հետ ունի իրական բնույթ և բովանդակություն:

«Օրակարգում ներառված՝ ԱԺ-ի Կանոնակարգ սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ նախատեսող երեք նախագծերը նպատակահարմար է քննարկել հիմա՝ այն հաշվառմամբ, որ դրանցով առաջարկվող կարգավորումներն ուժի մեջ են մտնում մինչև հաջորդ Ազգային ժողովի ձևավորումը: Դրանք են պատգամավորի երդման նոր տեքստի հաստատմանը, Ազգային ժողովի բացման օրվանից հետո՝ պատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի ստեղծմանը, ինչպես նաև ԱԺ առաջին նստաշրջանի շարունակական և արդյունավետ աշխատանքն ապահովելուն ուղղված նախագծերը»,- ասաց Սարգսյանը՝ շեշտելով՝ այս նախագծերի ընդունման դեպքում բացառվելու են դեպքերը, երբ առանձին պաշտոններում թեկնածու չառաջադրելու հետևանքով անհիմն ձգձգվում է առաջին նստաշրջանի ընթացքը:

ՆԳ նախարարն այնուհետև ներկայացրեց մյուս փոփոխությունները և կարգավորումները:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ