2026 թ. հունիսի 25-ին ՄԱԿ-ում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանը մասնակցել է ՄԱԿ-ի խաղաղաշինության հանձնաժողովի տարեկան նստաշրջանին։ Այս մասին տեղեկացնում են ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչությունից:
Իր ելույթում Պարույր Հովհաննիսյանն ընդգծել է, որ Հայաստանը, առաջին անգամ ընտրված լինելով Խաղաղաշինության հանձնաժողովի անդամ, ողջունում է Խաղաղաշինության շաբաթվա անդրանիկ անցկացումը, որը նվիրված է ՄԱԿ-ի խաղաղաշինության ճարտարապետության քսանամյակին։
Հավելվել է, որ ՄԱԿ-ի խաղաղաշինության հանձնաժողովը կայացել է որպես երկխոսության, գործընկերություններ կառուցելու և քաղաքականությունների ներդաշնակեցման համար կարևոր հարթակ՝ նկատելով, որ նախորդ տարի ընդունված Խաղաղաշինության ճարտարապետության ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի և Անվտանգության խորհրդի «զույգ» բանաձևերով ընդգծվում է կանխարգելման օրակարգի, ազգային առաջնորդության, ներառականության և ինտեգրված մոտեցումների կարևորությունը խաղաղության պահպանման համար։
Դեսպան Հովհաննիսյանը նաև առանձնանշել է, որ Խաղաղաշինության հանձնաժողովը կարևոր կամուրջ է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի, ՄԱԿ-ի տնտեսական և սոցիալական խորհրդի և Գլխավոր ասամբլեայի միջև՝ նպաստելով խաղաղության և անվտանգության, զարգացման ու մարդու իրավունքների օրակարգերի կապակցմանը։
