Ինչո՞ւ է հրաժարական ներկայացրել Արթիկի 1-ին փոխհամայնքապետը․ այստեղ փլուզվել է կոալիցիոն իշխանությունը

Աննա Կոստանյան 30.06.2026 - 13:18
30.06.2026 - 13:18 դիտում

Արթիկի համայնքապետի առաջին տեղակալ Արտակ Հարությունյանը, որի գլխավորած քաղաքական ուժը՝ «Ազատական» կուսակցությունը 4 տարի շարունակ կոալիցիա էր կազմել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ՝ ձևավորելով Արթիկի համայնքային իշխանությունը, հունիսի 24-ին կայացած ավագանու նիստում հրաժարական է ներկայացրել իր պաշտոնից ու հայտարարել իր ուժի՝ կոալիցիոն իշխանությունից դուրս գալու մասին։ Նշենք, որ «Ազատական» կուսակցությունն ունի ընդամենը 3 ձայն, ՔՊ-ն՝ 11-ն։

Թե ո՞րն է եղել պատճառը, Արտակ Հարությունյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց՝ հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ տվել է մեզ հետաքրքրող հարցի պատասխանը։ Արթիկի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարի պարտականությունները կատարող Արկադի Թադևոսյանն էլ մեզ հետ զրույցում ներկայացրեց նրա հայտարարության տեքստը, որից ակնհայտ է դառնում, որ Արտակ Հարությունյանը դժգոհ է կադրային քաղաքականությունից։

«Հիմք ընդունելով 2021 թվականի դեկտեմբերի 5-ի Արթիկ խոշորացված համայնքի ավագանու ընտրությունների արդյունքում ավագանիում մեծամասնություն ձևավորելու նպատակով «Քաղաքացիական պայմանագիր» և «Ազատական» կուսակցության միջև 2021 թվականի դեկտեմբերի 10-ին կնքված համագործակցության հուշագրի դրույթները՝ հայտնում եմ, որ սույն թվականի հունիսի 23-ին կայացած «Ազատական» կուսակցության ավագանու խմբակցության նիստում, հուշագրի 3-րդ կետի շուրջ քննարկման արդյունքում հրաժարվում եմ Արթիկի խոշորացված համայնքի առաջին տեղակալի պաշտոնից՝ հաշվի առնելով համաձայնեցված կադրային քաղաքականության և հաշվետվողականության շուրջ առկա կողմերի միջև տեսակետների տարբերությունը»,-գրված է հայտարարության տեքստում։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ