Հունիսի 30-ի առավոտյան ուկրաինական անօդաչու թռչող սարքերը գրոհել են Մոսկվայի մարզը։ Այս մասին Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է իր տելեգրամ ալիքում հրապարակումներով, գրում է Meduza-ն։ Նա անօդաչուների խոցման մասին սկսել է հաղորդել տեղական ժամանակով 4:00-ից։ Լրատվամիջոցը նշում է, որ լուրի հրապարակման պահին Սոբյանինը հաղորդել էր 56 անօդաչու թռչող սարքի խոցման մասին։ Հարձակումների հետևանքների մասին ոչինչ չի հաղորդվել։ Անօդաչու թռչող սարքերի հարձակումների պատճառով փակվել են Դոմոդեդովո և Ժուկովսկի օդանավակայանները։ Մոսկվայի մարզի նահանգապետ Անդրեյ Վորոբյովը հայտնել է, որ մարզի Եգորևսկ քաղաքում անօդաչու թռչող սարքի ընկնելու հետևանքով մասնավոր տանը հրդեհ է բռնկվել։ Վեց ամսական երեխա է զոհվել, մեկ այլ երեխա և երկու մեծահասակ հոսպիտալացվել են։ Վորոբյովի խոսքով՝ ՀՕՊ ուժերը Դոմոդեդովոյում, Չեխովում, Դուբնայում, Կաշիրայում, Վոսկրեսենսկում, Պավլովսկի Պոսադում, Օդինցովոյում, Բրոնիցիում, Ռամենսկոյեում, Ստուպինոյում, Կոլոմնայում և Եգորևսկում խոցել են 60 անօդաչու թռչող սարք։ Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ գիշերվա ընթացքում ՀՕՊ ուժերը երկրի 18 շրջաններում ու բռնակցված Ղրիմում որսացել և ոչնչացրել են ուկրաինական 419 անօդաչու թռչող սարք։ Տուլայի, Նովոռոսիյսկի և Ռյազանի բնակիչները հայտնել են պայթյունների մասին։ Հիշեցնենք, որ Մոսկվայի վրա ամենամեծ հարձակումը տեղի է ունեցել հունիսի 18-ին։ Շուրջ 200 ուկրաինական ԱԹՍ-ներ էին հարձակվել Ռուսաստանի մայրաքաղաքի վրա։ Կապոտնյայում հրդեհ էր բռնկվել նավթավերամշակման գործարանում։ Մոսկվայի մարզի տարբեր քաղաքներում գիշերը տեղի ունեցած հարձակումների հետևանքով վիրավորվել էր տասնյոթ մարդ, ութամյա աղջիկ էր մահացել։
