Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության հատուկ հանձնակատարն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

6.12.2025 - 14:27 դիտում

Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության հատուկ հանձնակատար Հյուգ Մորեն դեկտեմբերի 4-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր: Այս մասին տեղեկացնում է «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամը:

Հյուրերին դիմավորել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի թանգարանային աշխատանքների գծով փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը:

Նա հյուրերին ուղեկցել է դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը:

Ֆրանսիայից ժամանած պատվիրակության անդամները ծաղիկներ են դրել անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգել Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը:

Լուսինե Աբրահամյանը նրանց ուղեկցել է Հուշապատի մոտ, որի հետնամասում հատուկ խորշերի մեջ ամփոփված են 19-րդ դարավերջին և 20-րդ դարասկզբին թուրքական կառավարության իրագործած հայերի զանգվածային կոտորածների և ցեղասպանության դեմ իրենց բողոքի ձայնը բարձրացրած օտարազգի մի շարք հասարակական, քաղաքական գործիչների, մտավորականների և միսիոներների գերեզմաններից վերցված հողով լի փոքր սափորները:

Հյուրերը մեծ հետաքրքրությամբ են լսել հատկապես Անատոլ Ֆրանսի և Դարթիժ դյու Ֆուռնեի հայանպաստ գործունեության մասին:

Նրանք շրջել են Հայոց ցեղասպանության թանգարանում, ծանոթացել մշտական և ժամանակավոր ցուցադրություններին:

Այնուհետև Հյուգ Մորեն գրառում է կատարել Պատվավոր հյուրերի հուշամատյանում:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ