Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականն անցնող տարում աշխարհի առաջնությունում նվաճեց մեկ ոսկե և երկու բրոնզե մեդալ: Ընտրանու կազմում ԱԱ-ի իր երկրորդ մեդալը նվաճեց 67 կգ քաշային Սլավիկ Գալստյանը, որը դարձավ բրոնզե մեդալակիր:
«Արմենպրես»-ի թղթակիցը Գալստյանի հետ խոսել է աշխարհի առաջնության ընթացքի, «Փարիզ-2024»-ի կիսաեզրափակիչ փուլում ճակատագրական գոտեմարտի, ըմբշամարտում նրա ձգտումների մասին:

-Սլավիկ, նախ շնորհակալ եմ, որ ժամանակ գտաք հարցազրույցի համար: Ինչպիսի՞ն էր աշխարհի ավարտված առաջնությունը:
– Աշխարհի այս առաջնությանը մասնակցող ու ինձ բաժին ընկած ըմբիշները փորձառու մարզիկներ էին: Բոլոր գոտեմարտերին էլ բավականին տրամադրված եմ մոտեցել, քանի որ աշխարհի առաջնությանը մասնակցում են իրենց երկրների առաջին համարներն ու լավագույնս նախապատրաստված մարզիկները: Մեկնարկում հաղթեցի ղազախ մարզիկին, այնուհետ Ֆրանսիան ներկայացնող մեր հայրենակցի հետ էի մրցում, որին նույնպես հաղթեցի ու քառորդ եզրափակիչում միայն զիջեցի Ջաֆարովին` բաց թողած հնարքի պատճառով:
-Բրոնզե մեդալի համար գոտեմարտում մենք տեսանք երկու տարբեր քառորդներ: Նախ մեկնարկային 3 րոպեններն այլ էին, և բացարձակ ուրիշ էին հաջորդ 3 րոպեները: Դուք էլ, կարծես, ուրիշ մարդ լինեիք: Ինչպե՞ս եք վերհիշում այդ գոտեմարտը:
-Ինձ համար իսկապես անսպասելի էր գոտեմարտի նման ընթացքը, քանի որ միանգամից 4 միավորանոց հնարք բաց թողեցի: Ըմբշամարտում բավականին բարդ է 4 միավոր հետ բերելը: Ինքս հանգիստ էի մոտեցել գոտեմարտին, բայց գիտեի` մրցակիցս շատ փորձառու է: Երկրորդ մրցափուլում նախ մարզիչները ճիշտ ճանապարհը ցույց տվեցին, հետո նաև ինքս իմ մեջ ուժ գտա ու նաև գտա ճանապարհը, որը բերեց հաղթական միավորների: Գիտեք, իմ ուժեղ կողմերից մեկը համարում եմ այն, որ գոտեմարտի ընթացքում հաշվին շատ մեծ ուշադրություն չեմ դարձնում:
-Ի՞նչ կարևորություն ու խորհուրդ ունի աշխարհի առաջնության այս մեդալը ձեզ համար՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախորդ տարի ըմբշամարտի աշխարհը շատ անարդար վարվեց ձեր նկատմամբ:
-Աշխարհի առաջնություններում առաջին մեդալս դեռևս 2019 թվականին էի նվաճել ու այդ ժամանակ շատ ավելի երիտասարդ էի. նման արդյունքը կարևոր մեկնարկ էր մեծահասակների մրցաշարում: Ու դրանից հետո միշտ մի քայլ պակասում էր մեդալային գոտեմարտերում, թեպետ այս ընթացքում նաև երկու անգամ դարձա Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր: Աշխարհի առաջնության բրոնզը ինձ համար չեմպիոնական արժեք ունի: Այս մեդալը պետք է օգնի հաջորդ Եվրոպայի և աշխարհի առաջնություններում առավել վստահ հանդես գալու համար:
-Սլավիկ, մեկ ուրիշը ձեր փոխարեն Փարիզի Օլիմպիական խաղերից հետո ո՛չ ուժ, ո՛չ էլ ցանկություն չէր գտնի մեծ սպորտ վերադառնալու: Այն, ինչ տեղ ունեցավ Օլիմպիական խաղերում, իսկապես անարդար էր ձեր ու մարզաձևի նվիրյալների նկատմամբ: Ի՞նչ դասեր եք քաղել այդ ամենից:
-Ես մինչև հիմա իմ մեջ չեմ գտել այդ հարցի պատասխանը` ինչ տեղի ունեցավ Փարիզում, նույնիսկ չեմ էլ ուզում իմանալ: Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալի համար գոտեմարտում, անկեղծ եմ ձեզ ասում, չեմ էլ ձգտել հաղթել: Պարզապես ուզում էի, որ այդ մրցաշարը վերջապես վերջանա: Հետո մի քանի ամիս չէի էլ մարզվում: Բայց նաև չէի ուզում հիասթափված հեռանալ սպորտից: Հիմա այն կարծիքին եմ, որ Աստված ինձ այս փորձությունը տվել է, հաջորդիվ ավելի մեծ բանի արժանացնելու համար:
-Չեք ափսոսո՞ւմ, որ Փարիզի խաղերում կորցրեցիք նաև բրոնզե մեդալը, քանի որ գոտեմարտի ընթացքում նույնիսկ ձգտում չկար:
-Այո, ափսոսում եմ հիմա: Մտածում եմ, որ այդ պահին պիտի կենտրոնանայի, նվաճեի այդ մեդալը ու միայն հետո վերլուծեի, թե ինչ տեղի ունեցավ կիսաեզրափակչում: Հիմա գիտեմ, որ ճանապարհս շարունակելու եմ մինչև հաջորդ` Լոս Անջելեսի խաղեր:
-Սլավիկ, մյուս կողմից այս ամենը ձեզ համար նաև մեծ փորձառությո՞ւն էր` հոգեբանորեն առավել ուժեղ լինելու համար:
-Անկեղծ, կարծում եմ Փարիզն ինձ ավելի ուժեղ դարձրեց, ու հիմա եմ դա հասկանում: Աշխարհի այս առաջնությունում նվաճած մեդալն էլ ևս մեկ անգամ ինձ բերեց այն մտքին` ուժեղ եմ, կարող եմ: Հիմա ավելի շատ, ավելի նվիրված կմարզվեմ:
-Մինչև Օլիմպիական խաղերը ի՞նչ խնդիր ու նպատակ ունեք ձեր առջև դրած:
-Մինչև Լոս Անջելես հասնելը ձգտելու եմ Եվրոպայի կամ աշխարհի առաջնության չեմպիոնության, որն ինձ կօգնի առավել վստահ հանդես գալ Օլիմպիական խաղերի ժամանակ:
-Շնորհակալ եմ զրույցի համար:
